Աջ ղեկով մեքենաների սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել դրանք. պարզաբանում
Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հանդես է եկել պարզաբանմամբ:
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:
Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում», – ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:
Նշենք, որ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին նախագծին կայքէջ մտած քաղաքացիների ավելի քան 93 տոկոսը այդ պահի դրությամբ դեմ է քվեարկել: Քաղաքացիները կարող են մտնել կայք, գրանցվել և քվեարկել, ինչպես նաև թողնել իրենց մեկնաբանությունները նախագծի վերաբերյալ: