Ալիևը քննադատել է Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումն ու վերանայման կոչ արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի իր որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի ժամանակ։
Գագաթնաժողովի կազմակերպման համար երախտագիտություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ալիևը նշել է, որ այդ միջոցառումը հանդիսանում է իսլամական երկրների համերաշխության գործում Անկարայի ներդրման ցուցանիշ։
Ադրբեջանի նախագահն անհանգստություն է արտահայտել՝ կապված Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։ «Այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար կարգավորման գործընթացի վրա, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար։ Կարծում եմ ՝ ԱՄՆ իշխանությունները պետք է վերանայեն այդ որոշումը»,-ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների գոյակցման սկզբունքի հիման վրա, պաղեստինյան պետության ստեղծման պայմանով, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։
«Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին»,-ընդգծել է Ալիևը։