Նեթանյահու. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կնպաստի խաղաղությանը
Յոթ տասնամյակ շարունակ Երուսաղեմը համարվում է Իսրայելի փաստացի մայրաքաղաքը, եւ դա ճանաչելը կնպաստի խաղաղությանը: Դեկտեմբերի 11-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման համար Բրյուսել ժամանելուն պես այսպիսի պնդմամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա բոլոր եվրոպական երկրներին կոչ է արել դա ճանաչել եւ Երուսաղեմ տեղափոխել իրենց դեսպանատները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երուսաղեմը վերջին յոթ տասնամյակներին Իսրայելի իրական մայրաքաղաքն է: Այն, ինչ Թրամփն արեց՝ խաղաղությանն ուղղված քայլ է, որը հիմնված է իրականության ճանաչման վրա: Այնտեղ է գտնվում կառավարության նստավայրը, Կնեսետը (խորհրդարան), իմ գրասենյակը, ինչպես նաեւ գերագույն դատարանը: Ոչ մեկը չի կարող փաստերը հերքել»,- ասել է նա:
«Այս պատճառով խաղաղության հասնելու առաջին քայլը խաղաղության ճանաչումն է: Դա պետք է անեն նաեւ պաղեստինցիները՝ հրեական պետության մայրաքաղաք ճանաչեն Երուսաղեմը: Ես նաեւ համոզված եմ, որ ապագայում Երուսաղեմը կճանաչեն նաեւ եվրոպական երկրները եւ իրենց դեսպանատներն այնտեղ կտեղափոխեն»,- եզրաակել է Նեթանյահուն: