23.11.2024
Հարցում. Թուրքերը դեմ են Սիրիա ներխուժմանը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Նախիջևանում և Իրաքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը մի շղթայի օղակներ են

Ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչումը և միջազգային հանրության արձագանքի բացակայությունը հանգեցրել են բարբարոսության նոր գործողությունների այս անգամ Սիրիայում և Իրաքում:

Այդ մասին Երևանում անցնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Նրա խոսքով, Ջուղայում հայկական խաչքարերի և Մերձավոր Արևելքում հնագույն հուշարձանների ոչնչացումը՝ մի շղթայի օղակներ են: Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի խաչքարերի գերեզմանատունը համարվում էր հայ մշակույթի ամենաշքեղ հուշարձաններից մեկը՝ աղբյուրներում նշվում է 6.000-10.000 խաչքարերի մասին: 1998թ.-ից գերեզմանատունը սկսել են ոնչացնել ադրբեջանական իշխանությունների հրամանով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ միջազգային հետաքննություն է իրականացվել, որը ժամանակավորապես դադարեցրել է ոնչացումը: 2002թ.-ից գերեզմանատան ոնչացումը շարունակվել է: 2005-2006թթ.-ին Ջուղայի մոտ գտնվող հայկակակն գերեզմանատունը լիովին ոչնչացվել է: Խաչքերը ոչնչացվել են ծանր տեխնիկայի միջոցով, իսկ գերեզմանատան տարածքը վերածվել է հրաձգարանի:

«Մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը ոչ այլ ինչ է, քանի մշակութային ցեղասպանություն: Դա ժողովրդի հոգևոր ոչնչացում է, համաշխարհային պատմությունից նրա հետքերը ջնջելը: Բարբարոսության գործողությունները պետք է իսպառ բացառել», - նշել է նա:

Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 45 երկրների պատվիրակները, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում հռչակագիր է ընդունվել, որը քննադատել է բարբարոսության գործողությունները: Փաստաթղթում նշվում է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծել և համերաշխության մեջ ապրել մյուս ազգերի հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Ալֆրեդո Պերեզ դե Արմենիան իր հերթին նշել է, որ մշակութային բազմազանության սկզբունքը պետք է ընկած լինի միջազգային քաղաքականության հիմքում և Հայաստանը կարող է այդ գործում առաջատար դիրք զբաղեցնել: Նա հայտարարել է, որ պետք է վերջ դնել հակամարտության գոտիներում մշակութային հուշարձանների ոչնչացմանը: