24.11.2024
Թիլերսոնը Թուրքիային կոչ է արել Իրանի հետ շփումներում հաշվի առնել ՆԱՏՕ-ի շահերը
prev Նախորդ նորություն

Թուրք-ամերիկյան նոր ջերմացում. ԱՄՆ-ն խոստացել է «ճշգրտումներ անել» քրդերին զինելու հարցում

Միացյալ Նահանգները «ճշգրտումներ կանի» Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ռազմական աջակցության հարցում: Սակայն ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացումը:


Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից Էրիկ Պահոն, փոխանցում է Reuters գործակալությունը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ն պատրաստվում է իր գործընկերներին հատկացվող ռազմական աջակցության հարցում վերանայումներ կատարել:


Թրամփի խոսքով, ԱՄՆ-ի՝ Սիրիայում գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության հարցում վերանայումները պայմանավորված են այդ տարածաշրջամ ռազմավարական իրավիճակի փոփոխմամբ:


«Ռաքքա քաղաքի համար պայքարն ավարտվել է, իսկ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կորցրած դիրքերը վերադարձնելու հնարավորություն այլեւս չունեն», - ասված է Վաշինգտոնի պարազբանման մեջ:


Նոյեմբերի 26-ին, ԻՊ դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակներից մեկը հայտարարել է, ԱՄՆ քննարկում է արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը աջակցությունում կրճատումներ անելու հարցը: Կրճատումներ լինելու են ինչպես խոհրդատուների թվաքանակում, այնպես էլ մատակարարվող սպառազինությունում, գրում է ՌազմԻնֆոն:


Նա նաև նշել է, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորմանը տրամադրվող զենքը արդեն իսկ սահմանափակվել է: Միևնույն ժամանակ սոցցանցերում և մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ն շարունակում է զրահամեքենաներ ուղարկել SDF խմբավորմանը:


Նշենք, որ Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են «ահաբեկչական կառույցներ» և քննադատում ԱՄՆ-ին այդ ուժերի հետ համագործակցելու համար:


Թուրքական կողմը նաև տեղեկություններ է տարածում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հայտնել է, որ այլևս քրդական ուժերին զենք չեն տրամադրելու:


Թուրքիայի վարչապետն էլ հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո, Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի համագործակցությունը Սիրիայի քրդական խմբավորումների հետ:


Հատկանշական է, որ վերջին շրջանում երբ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները մոտենում էին վտանգավոր սահմանագետին, Անկարան անգամ սպառնացել էր իր տարածքից հանել ՆԱՏՕ-ի ռադարը, իսկ Էրդողանի օգնականը հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցի վերանայման հնարավորության մասին, ամերիկյան իշխանությունները Թուրքիային ընդառաջ գնալու որոշակի քայլեր ձեռնարկել:


Վերջերս ըստ hurriyet.com-ի տեղեկությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռոխոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր վերանայել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը:


«Պարոն Թրամփն այս խոստումը տվել է նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հեռախոսային բանակցության ժամանակ: Բանակցությունները, ներառյալ այս հարցը, անցել են շատ կառուցողական հունով»,- ասել է Էրդողանը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին Թուրքիայում պաշտոնապես մեղադրում են անցյալ տարվա ամռանը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Գյուլենն այդ մեղադրանքները հերքում է:


Թուրքիան քանիցս ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն Վաշինգտոնը չի գնացել այդ քայլին՝ նշելով, որ արտահանձման համար ներկայացված փաստերը բավարար չեն: Այս խնդիրն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում զգալի լարվածություն է առաջացրել: