25.11.2024
ՀՀ-ն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար. Իրանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Զատուլին. Ինձ ոչինչ հայտնի չէ Բաքվում մեր նոր դեսպանի նշանակման դժվարությունների մասին

«Այո, մեր հանձնաժողովը քննարկում ունեցել է Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի թեկնածության շուրջ, ընդ որում դա տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին: Բայց ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը այդ թեկնածության մասով, ապա այն ինձ հայտնի չէ»,- VERELQ-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնենք, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Վլադիմիր Դորոխինը ազատվել էր Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնից: Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին այն մասին, թե Պետդումայի հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածությանը հավանություն տալու հարցը: Մինչդեռ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իրենց աղբյուրներին, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքուն հրաժարվել է տալ Զուևի ագրեմանը՝ վերջինիս իբրև թե վառ ընդգծված պրոհայկական դիրքորոշման պատճառով: Այս մասով Զատուլինը հատուկ ընդգծեց, որ ՌԴ յուրաքանչյուր դեսպան միշտ ունի առանձնահատուկ վառ ընդգծված պրոռուսական դիրքորոշում, իսկ մնացածը ուղղակի շահարկումներ են, որոնք միտված են հավելյալ դժվարություններ մտցնել երկկողմ հարաբերություններում:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իրեն հայտնի է Բաքվում ՌԴ դեսպանի այլ թեկնածության մասին, եթե Բաքուն իսկապես հրաժարվի ագրեման տրամադրել Զուևին, Զատուլինը հիշեցրեց, որ դեսպանների նշանակումը երկրի նախագահի լիազորությունն.

«Ես ոչինչ չգիտեմ այն դժվարությունների մասին, որ կապված են Ադրբեջանում մեր նոր դեսպանի հետ: Բայց եթե մեկ այլ որոշում ընդունվի, ապա այն ՌԴ նախագահն է ընդունելու և ես վստահ եմ, որ ոչ մի խնդիր թեկնածության հետ կապված չի լինի: Բայց ես, այդուհանդերձ, չեմ կարող հաստատել լուրերն այն մասին, թե դժվարություններ են եղել Բաքվի կողմից ագրեմանը տրամադրելու հարցում, ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- հավելեց Կոնստանտին Զատուլինը: