Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում նոյմեբերի 22-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքնում համաձայնել են շարունակել ջանքերը Սիրիայում ահաբեկչական «Իսլամական պետության» վերջնական ոչնչացման ուղղությամբ: Այս մասին Սոչում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպման օրակարգում են եղել սիրիական հիմնախնդրի՝ քաղաքական կարգավորման մեկնարկը, իրավիճակը անվտանգության գոտիներում, մասնավորապես, քրդական խմբավորումների ենթակայության տակ գտնվող Իդլիբում և Աֆրինում: Կողմերը նաև խոսել են Սիրիային անհրաժեշտ հումանիտար աջակցության մասին:
Հատկանշական է, որ հանդիպումից մեկ օր առաջ Պուտինն առանձին հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շարունակության միտքը կարմիր թելի նման անցնում է նաեւ Սոչիի հանդիպումից հետո Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ: «Պետության ղեկավարները նշել են, որ միջազգային ջանքերից մի քանի տարի անց, հրադադարից հետո տասնմեկ ամիսների ընթացքում հաջողվել է ԻՊ, «Ջաբհաթ Ան Նուսրի» եւ այլ ահաբեկչկան կազմակերպությունների գրեթե ամբողջական ոչնչացմանը հասնել:
Նախագահներն ընդգծել են, որ Աստանայի գործընթացի շրջանակներում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը շատ արդյունավետ էր եւ զգալիորեն օգնեց նվազեցնել բռնության մակարդակը, նվազեցնել մարդասիրական տառապանքը, դադարեցնել փախստականների հոսքը եւ սկսել փախստականների անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատել:
Նախագահները որոշել են, որ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն համակարգել ջանքերը բռնության նվազեցման միտումների անշրջելիության ապահովման համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Պուտինի խոսքով, որպես երաշխավոր երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շարունակում են աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման, ապաէսկալացիայի, կայունության եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: «Այս առումով մենք ընդգծել ենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա միջսիրիական ներառական երկխոսության ակտիվացման առաջնային քայլերը», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայում եւ Իրաքում «ԻՊ» ահաբեկիչների հենակետերը ոչնչացվել են:
«Սիրիայում եւ Իրաքում ԻՊ հենակետերը հիմնականում ոչնչացվել են եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում տարածաշրջանում ձեւավորվել է համաձայնություն: Ահաբեկչությունը ոչ մի երկրի համար գործիք չի կարող լինել, ահաբեկչությունը ցանկացած դեպքում կարող է սպառնալիք դառնալ երկրների համար, եւ մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր ժամանակին օգնում էին ԻՊ-ին, այժմ ԻՊ-ն սպառնում է այդ երկրներին», - ասել է նա ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կայունացումն ու կոնֆլիկտի քաղաքական կարգավորումը Անկարայի համար լուրջ առաջնահերթություն է: «Անկարայի համար առաջնահերթություն է նաեւ այն, որ ահաբեկիչները դուրս մնան բանակցային գործընթացից», - հայտրարել է նա, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Համատեղ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նախագահները Սիրիայի պետության ինքնիշխանության, անկախությանը, միասնականությանը, տարածքային ամբողջականությանը հավատարիմ կառավարական եւ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ են արել Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կառուցողական մասնակցություն ցուցաբերելու համար:
Նրանք համաձայնել են ակտիվորեն նպաստել Կոնգրեսի հաջողությանը: Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան խորհրդակցություններ կանցկացնեն եւ կհամակարգեն Կոնգրեսի մասնակիցների կազմը:
Պուտինի խոսքով, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդները նախանշել են Սիրիայում ներառական երկխոսության մեկնարկի առաջին քայլերը: «Որպես երաշխավոր երկրներ, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շարունակում են աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման, դեէսկալացիայի կայունության եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար:
Այս առումով մենք ընդգծել ենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա միջսիրիական ներառական երկխոսության ակտիվացման առաջնային քայլերը», - ասել է Պուտինը:
Նա գորհունակությամբ նշել է, որ Իրանի եւ Թուրքիայի նախագահները ողջունել են Սիրիայում ազգային երկխոսության ընդհանուր համաժողով հրավիրելու նախաձեռնությունը: «Պայմանավորվել ենք այս կարեւոր իրադարձությունը պատշաճ մակարդակով անցկացնել, ապահովել դրան մասնակցող սիրիական հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը»,- ավելացրել է Պուտինը:
Հատկանշական է նաեւ, որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիայի Կոնգրեսում սիրիական ազգային երկխոսությանը քրդերի մասնակցության հարցը: Որոշվել է` քրդերը ներառվելու են: Ըստ ռուսական ԶԼՄ-ների փոխանցման, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քննարկման արդյունքում 3 նախագահների կողմից ինչ է որոշվել, Պեսկովը պատասխանել է. «Նրանց մասնակցությունը կլինի ներառված»: