24.11.2024
Թբիլիսիում ավարտվել է ենթադրյալ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը. կա 1 զոհ
prev Նախորդ նորություն

Սարգսյանը մեկնում է Բելգիա. ի՞նչ պայմաններով է ՀՀ-ն ստորագրելու ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:


Ինչպես հայտնում են նախագահականից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:


Հիշեցնենք, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախատեսվում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր շրջանակային համաձայանգրի ստորագրումը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների փոխանցման, գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով:


Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են:


Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մշտապես նույնն է եղել` ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Խոսքը գագաթնաժողովի վերջնական հռչակագրի մասին է, որը չունի իրավական ուժ, սակայն ունի մեծ քաղաքական նշանակություն:


Հատկանշական է, որ ըստ մամուլում տեղ գտած լուրերի, հռչակագրի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի ՀՀ-ին ու ԵՄ-ին ստորագրել նոր համաձայնագիրը:


Ըստ «Ժամանակ»-ի հաղորդման այս օրերին Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ հայտնել են տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։


«Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռեւս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը», - նշում է թերթը:


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել: «ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ:


Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: Նամաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով եւ տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի», - նշում է թերթը:


Փորձագետներն էլ կարծում են, որ պետք է չստորադասել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագարի նշանակությունը:


Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանի, փորձելով իրեն շահավետ դրույթներ ներառել Հռչակագրում՝ Բաքուն իրականում ցանկանում է ԵՄ-ից ստանալ ռազմաճակատում պատերազմի թույլտվության տեղեկանք:


«Բաքվին պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- նշում է նա: «Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիեւին, որպեսզի լեգիտիմացնի դա, եւ այդ առումով՝ եւ՛ ԵՄ-ն եւ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է նա:


«Եթե Ադրբեջանին հաջողվեց իր համար շահավետ դրույթներ ներդբել փաստաթղթում, ապա նման դրույթներ այնուհետեւ կարող են ներառվել առաջիկայում սպասվող Ադրբեջան-Եմ նոր համաձայնագրում», - նշում է նա՝ հավելելով, որ դժվար թե գործը Հռչակագրի հարցում հասնի Բաքվի վետոյին, քանի որ այն ընդունվում է կոնսենսուսով:


«Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, եւ եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի», - եզրափակում է նա: