Նիցցայում ձերբակալել է ռուս գործարար ու Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քարիմովին
Ֆրանսիական ոստիկանությունը Նիցցայում ձերբակալել է ռուս գործարար ու Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քարիմովին: Այս մասին հայտնում է Vesti-ն` հղում անելով Ֆրանսիայում ՌԴ դեսպանատանը: Ձերբակալությունը եղել է երեկ` նոյեմբերի 20-ին:
Քարիմովին ձերբակալել են Նիցցայի օդանավակայանից ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Ռուսական քաղաքական գործիչները Քարիմովին քաղաքական աջակցություն են հայտնել:
Դեռեւս պարզ չէ ձերբակալման պատճառը, սակայն RiaNovosti-ի փոխանցմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է հարկերից խուսափելու մասին:
Սուլեյման Քարիմովը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր գործարարներից ու ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը 2016 թվականին, Forbes ամսագրի տվյալների համաձայն, կազմել է 1,6 միլիարդ դոլար: 2006 թվականից ի վեր Քարիմովը շարունակ ձեռնոցներ է կրում, պատճառը 2006-ի նոյեմբերին Նիցցայում տեղի ունեցած խոշոր ավտովթարն է, որի ժամանակ նա այրվել էր սեփական Ferrari Enzo մեքենայում: