ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները Սիրիայում բռնությունների նվազման մասին են հայտարարել
Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլութ Չավուշօղլուն Սիրիայում բռնության մակարդակի նվազման մասին են հայտարարել, ինչը թույլ է տալիս այդ երկրում ճգնաժամի քաղաքական լուծմանն անցնել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Անթալիայում: Այն նվիրված էր սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Բանակցությունները մոտ երկու ժամ են տեւել:
«Նախարարները Սիրիայում կարգավորման վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ մտքեր են փոխանակել: Այս երկրում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումները դիտարկվում են միջազգային ահաբեկչության օջախի վերջնական ոչնչացման եւ Աստանայի գործընթացի շրջանակներում զինված հակամարտության դեէսկալցիոն գոտիների գործունեության համատեքստում: Կողմերը նշել են Սիրիայում բռնության մակարդակի նվազում, ինչը թույլ է տալիս Սիրիայի կողմերին զինված առճակատումից դեպի քաղաքական լուծում անցնել», — նշվում է հայտարարության մեջ: