Էրդողանը խոստովանեց՝ չի կարողացել Պուտինին իր կողմը քաշել. թուրքագետ
Թուրքիայի նախագահն իր այդ հայտարարությունով ցույց տվեց, որ չի կարող պաշտոնական Մոսկվային իր կողմը քաշել: Այս մասին EADaily-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
«Ըստ ամենայնի, Ռուսաստանի նախագահը հասկացրել է, որ Թուրքիան անելիք չունի Լեռնային Ղարաբաղում: Ի դեպ, այդ մասին ես խոսել եմ դեռ մինչև նախագահների Սոչիի հանդիպումը: Մոսկվան երբեք թույլ չի տա թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացումը Հարավային Կովկասում իր դաշնակցի հաշվին», — նշել է Սաֆրաստյանը:
Բացի այդ, թուրքագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական ձևաչափը և ՌԴ-ին ձեռնտու չէ ևս մեկ միջնորդի ավելացումը բանակցություններում:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Էրդողանը, անդրադառնալով Սոչիում կայացած հանդիպմանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը:
«Պարոն Պուտինի հետ մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կան ընդունված որոշումներ, որոնք առնչվում են գրավված յոթ շրջաններից հինգին: Մենք նշել ենք այդ որոշումների կատարման կարևորությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն, որքան ես հասկացա,մեծ հույսեր դրա հետ չի կապում: Հնարավոր է, որ դա պայմանավորված է կողմերի միջև առկա հարաբերություններով»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ իր այս հայտարարությամբ Թուրքիայի նախագահը հերքեց հայաստանյան որոշ շրջանակներում շրջանառվող այն խոսակցությունները, թե Մոսկվան ու Անկարան ղարաբաղյան հարցում պայմանավորվածություններ ունեն, որոնք ուղղված են Երևանի շահերի դեմ: Ակնհայտ է, որ նման հայտարարությունից հետո հակառուսական շրջանակները իրենց կուրսը շարունակելու համար պետք է նոր սցենարներ ուրվագծեն: