Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը «ցրել է» Էրդողանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Պարոն Պուտինի հետ մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կան ընդունված որոշումներ, որոնք առնչվում են գրավված յոթ շրջաններից հինգին: Մենք նշել ենք այդ որոշումների կատարման կարևորությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն, որքան ես հասկացա,մեծ հույսեր դրա հետ չի կապում: Հնարավոր է, որ դա պայմանավորված է կողմերի միջև առկա հարաբերություններով»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ dunyabulteni.net-ում հոդված էր հրապարակվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին, որում պնդում կար, թե կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
«Նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ: Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքները պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չէ, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է աշխատանքային այցով Մոսկվայում»,- նշված էր հոդվածում:
Սոչի մեկնելուց առաջ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել և վերահաստատել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անպայման քննարկելու է Պուտինի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է Սոչիում նոյեմբերի 13-ին: