Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահի ավելի վաղ ստորագրված հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Սերգեյ Մինասյանն իր Facebook-ի էջում ասյպես է արձագանքել նոր նշանակմանը: "Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը։
Մեր երկրի հետ պատմական դարավոր սերտ և ջերմ կապերի հետ մեկտեղ Ռումինիան նաև առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռ 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետները, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում:
Զգացված եմ և շնորհակալ բոլորիդ ջերմ խոսքերի և անկեղծ բարեմաղթանքների համար", - գրել է նա։
Հիշեցնենք, որ երկար ամիսներ Սերգեյ Մինասյանի անունը շրջանառվում էր իբրև Վրաստանում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածու: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Վրաստանի իշխանությունները դեմ են եղել այս թեկնածությանը: