Օրենսդրորեն կկարգավորվի տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց առաջարկներն ու դիտարկումները կօգնեն այս հարցում առավել արդյունավետ և ճիշտ լուծման տարբերակներ գտնել:
Ներկաները մասնավորապես քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը` որպես ռազմավարական ուղղություն:
Քննարկումների արդյունքում` նշված հարցերի կարգավորման շուրջ աշխատանքներ տանելու նպատակով որոշվել է ստեղծել հանձնաժողով, որում կընգրկվեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական հատվածից: