Կառավարությունը հավանություն տվեց ՌԴ-ից $100 մլն վրակ ստանալու նախագծին
Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել: Ըստ այդմ, փոխնախարարը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:
Ըստ համաձայնագրի, 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Փաստաթղթի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր կկնքեն Հայաստանին ժամանակակից սպառազինության և տեխնիկայի տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ Մոսկվան Երևանին տրամադրել է 200 մլն դոլարի պաշտպանական նշանակությնա վարկ, որի շրջանակներում իրականացվում են Հայաստան սպառազինությունների ու զինատեսակների մատակարարումներ:
Այդ վարկի շրջանակներում Հայաստան է մատակարարվել «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» մոդելի զինատեսակներ, և հակատանկային նոր համակարգեր: Բացի այդ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է (այդ վարկից դուրս) նաև «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր: Հայաստանն այսպիսով դարձավ իր զինանանցում «Իսկանդեր» համակարգեր ունեցող առաջին ԱՊՀ երկիրը: