Հայտնի է դարձել՝ երբ Ռուսաստանը կսկսի Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարումները
Թուրքիային C-400 ԶՀՀ մատակարարումների պայմանագրի գործնական իրականացումը կսկսվի Անկարայի կողմից այդ համաձայնագրով նախատեսված բոլոր ֆինանսական միջոցների վճարումից հետո։ Այս մասին Dubai Airshow 2017 ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այս պայմանագրի գործնական իրականացումը սկսվելու է թուրքական կողմից ֆինանսական միջոցներն ամբողջ ծավալով փոխանցելուց հետո»,– ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ է պլանավորվում սկսել Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարումները։
2017-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Թուրքիա ռուսական Ս-400 համակարգեր մատակարարելու հարցով եւ պայմանագիր են ստորագրել։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ս-400 համակարգերի համար առաջին ներդրումն արդեն կատարել է։ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հաստատել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400–ի մատակարարման պայմանագիր են ստորագրել, որը պատրաստվում է իրականացման։ Ավելի ուշ Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պետի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային կսկսվի 2 տարվա ընթացքում։
Դրանից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Անկարան Մոսկվայից պաշտոնական մերժում չի ստացել Ս-400 ԶՀՀ համատեղ արտադրության առաջարկի հարցում եւ հույս ունի ստանալ տեխնոլոգիաները։
Ս-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթա–հրթիռային համակարգ է՝ նախատեսված ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Այն կարող է օգտագործվել նաեւ ցամաքային օբյեկտների դեմ։ Դրանց հարվածի շառավիղը հասնում է 400 կմ–ի։ Համակարգը կարող է թիրախը խոցել մինչեւ 30 կմ բարձրության վրա