Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկիր է. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը դասել է մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Այդ մասին հետևում է կազմակերպության «Համացանցի ազատությունը - 2017» զեկույցից: Հայաստանը հետընթաց է գրանցել նախորդ տարվա համաձայն, երբ այն ընդգրկված էր ազատ համացանց ունեցող երկրներին շարքում: Այս մասին գրում է tert.am-ը:
Հայաստանն այս տարի հավաքել է 32 միավոր՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն: Համացանցի հասանելիության խոչընդոտը գնահատվել է 25-ից 7 միավոր, բովանդակության սահմանափակումները՝ 35-ից 10 միավոր, օգտատերերի իրավունքների խախտումները՝ 40-ից 15 միավոր:
Վրաստանը հավաքել է 24 միավոր՝ կրկին ընդգրկվելով ազատ համացանց ունեցող երկրների շարքում, Ադրբեջանը՝ 58 միավոր՝ ընդգրկվելով մասամբ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում: Ռուսաստանը և Թուրքիան ստացել են 66 միավոր՝ ընդգրկվելով ոչ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում:
Զեկույցը նշվում է, որ Հայաստանի դիրքերի վատթարացումը կապված է ոստիկանության կողմից հակակառավարական ցույցերի ընթացքում ուղիղ հեռարձակում ապահովել փորձող քաղաքացիների և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ: Զեկույցում նշվում է, որ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի ընթացքում իշխանությունները ժամանակավորապես սահմանափակել են Facebook-ի հասանելությունը:
Հետազոտությունն անցկացվել է 65 երկրում, այն ընդգրկում է 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը: Հետազոտության արդյունքների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ամենանկատելի բացասական դինամիկան նկատվել է Ուկրաինայում, Եգիպտոսում և Թուրքիայում:
Համացանցի ազատության առաջատար հնգյակում են հայտնվել Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, Գերմանիան և Ավստրալիան: Վերջին հորիզոնականներն են զբաղեցրել Կուբան, Իրանը, Եթովպիան, Սիրիան և Չինաստանը:
Ընդհանուր առմամբ՝ կազմակերպությունում նշում են, որ համացանցի ազատությունը վատթարանում է ողջ աշխարհում, որոշ երկրների կառավարություններ արգելափակում են բջջային կապը, սահմանափակում են տեսահեռարձակումները և վարձում են իշխանամետ օգտատերերի կիբերբանակ: