Դամասկոսը ՄԱԿ-ին կոչ է արել կասեցնել ԱՄՆ կոալիցիայի «ռազմական հանցագործությունները»
Դամասկոսը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի «ռազմական հանցագործությունները» դադարեցնելու համար, նշված է լրատվամիջոցների համար Սիրրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 11-ին կոալիցիայի օդանավերը Դեր Զոր նահանգում հարվածել են Իրաքի սահմանին գտնվող Դուեյժի գյուղին, զոհվել է 10 խաղաղ բնակիչ:
«Սիրիայի կառավարությունը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում անհապաղ կասեցնել այդ ապօրինի կոալիցիայի հրեշավոր հանցագործությունները անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ եւ միջոցներ ձեռնարկել կանխելու սիրիացի ժողովրդի եւ Սիրիայի ինքնիշխանության դեմ հանցագործությունները»,- նշված է փաստաթղթում:
ԱԳՆ-ում շեշտել են, որ կոալիցիայի գործողություններն ուղղված են ԻՊ դեմ պայքարում Սիրիայի բանակի եւ նրա դաշնակիցների համար խոչընդոտների ստեղծմանը:
«Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտում է «միջազգային կոալիցիայի» գործողությունները եւ ռազմական հանցագործությունները, որոնք նրանք Սիրիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացնում են Դեր Զորի եւ Ռաքայի նահանգներում»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ: