ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին:
"Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար: Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը:
Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ", - ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նշում են, որ նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հատկանշական է, որ դեռեւս 2014 թ-ի փետրվարի 21-ին հրավիրած ասուլիսին «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին հայտարարել էր, որ ընկերությունն արդեն ՀՀ կառավարությանն է ներկայացրել նախագծի իրագործելիության և տեղադրության ուսումնասիրությունը, որի արդյունքների հաստատումից 2 տարի անց՝ 2016-ին, կմեկնարկի երկաթգծի շինարարությունը, որը կտևի 6 տարի: Երկաթուղու շահագործումն ակնկալվում էր սկսել 2022 թվականին:
«Մենք հասկանում ենք, որ նախագիծն ունի ազգային առաջնահերթություն: Այն հնարավորույուն ունի վերացնել տնտեսական շրջափակման ծանրհետևանքները»,- ասել է Բորկովսկին՝ հավելելով, որ Հայաստանի հարավային երկաթուղին կնպաստի հանրապետության տնտեսական շրջափակման ծանր հետևանքների վերացմանը և կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող ամենակարճ ուղին:
Նախատեսվում էր, որ երկաթգիծը կփոխադրի տարեկան 18.3 միլիոն տոննա բեռ, սակայն այն նախագծվելու է 25 միլիոն տոննա բեռների ծավալ տեղափոխելու համար: Ծրագրի արժեքը, ըստ Բորկովսկիի, կազմելու էր 3.2 միլիարդ դոլար (1 կիլոմետրի արժեքը՝ 10.5 միլիոն դոլար): Երկաթգիծը կունենա 80 կիլոմետր/ժամ նախագծային արագություն: Բեռնափոխադրումների միջին արագությունը կկազմի 40 կմ/ժ, ուղևորափոխադրումներինը՝ 70 կմ/ժ: «Նախատեսվում է, որ տարեկան ուղևորափոխադրումների ծավալը կկազմի 1.2 միլիոն մարդ»,- ասել էր Բորկովսկին:
«Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը նաեւ հայտնել էր, որ Հայաստանի հարավային երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել և 304.7 կիլոմետր ընդհանուր երկարություն` 33 կիլոմետրանոց վերականգնման ենթակա հատվածով: Երկաթգծի 40 տոկոսը կազմելու են կամուրջներն ու թունելները:
Նրա խոսքով՝ երկաթգծի տեղադրությունն ունի ուրույն և ռազմավարական նշանակություն: «Երկաթգիծը դառնալու է միջազգային հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի պակասող օղակը, որը Պարսից ծոցը Սև ծովին կապող, ըստ էության, ամենակարևոր հատվածն է»,- ասել էր Բորկովսկին: Ներդրումներն ամբողջությամբ կիրականացնեն «Ռասիա ՖԶԵ»-ի և Չինական հաղորդակցային ընկերության (CCCC) կողմից. ՀՀ կառավարության ներդրումների անհրաժեշտություն չի լինի: «Նախնական բանակցություններ ենք վարել և ակնկալում ենք չինական բանկերից ստանալ նախագծի 60 տոկոսի ֆինանսավորում՝ տարեկան 3.5 տոկոս տոկոսադրույքով»,- նշեցլ էր «Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը՝ հավելելով, որ ֆինանսավորման մնացյալ 40 տոկոսը նախատեսում են ներգրավել փոխադրումների հարցում շահագրգիռ երկներից՝ (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Թուրքմենստան Ղազախստան, Իրան և այլն):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի է՝ շինարարության ավարտից հետո, որը կարող է երկարաձգվել ևս 20 տարով: Նախագծի ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում: Աշխատանքները տևել են շուրջ 1.5 տարի: