Ալիեւի շարունակական ագրեսիայի ակտերը սասանում են ԼՂ խաղաղ գործընթացը. ԱՄՆ կոնգրեսական
Կոնգրեսում Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գաբբարդը
Կոնգրեսում Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գաբբարդը պատմել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի կազմակերպած ֆորումի շրջանակում Հայաստան եւ Արցախ կատարած իր վերջին այցելության մասին։
Գաբբարդի հետ այցին մասնակցել են կոնգրեսականներ Ջեքի Սփիյերը, Աննե Էշուն, Ֆրենկ Փալոնեն, Դեւիդ Վալադեոն եւ Ջեյմս Սենսենբրենները։
Մեկնաբանելով Արցախ կատարած իր այցը՝ նա դատապարտել է տարածաշրջանում Ադրբեջանի ապակառուցողական դերը՝ նշելով, որ շփման գծում Ալիեւի շարունակական ագրեսիայի ակտերը սասանում են խաղաղ գործընթացը եւ համաձայնության հասնելու համար տասնամյակներ շարունակ կատարած ամբողջ աշխատանքը։ Նա նշել է, որ 2016 թվականին Հավայան կղզիները դարձան ԱՄՆ հերթական նահանգը, որը ճանաչեց Արցախի անկախությունը։
Գաբբարդը նաեւ իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչումը չպետք է շոուի վերածվի։ «Դա իսկապես ազդում է տարածաշրջանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, եւ եթե ցեղասպանությունը չճանաչվի եւ դատապարտվի, մենք կտեսնենք, որ պատմությունը կկրկնվի»,– նշել է նա։