Ո՞ր սակագները կթանկանան 2018 թվականին, ի՞նչ սպասի հանրությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը չբացառեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ՀԾԿՀ-ն սկսել է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագները: Ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկանում 2018թ-ին չի նախատեսվում»,- ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նա:
VERELQ-ն արդեն գրել էր, որ հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ այն մասին, որ HSBC բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը՝ 55 մլն եվրո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը:
Նշվում էր, որ գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը:
Սովորաբար, վարկային միջոցների ներգրավմանը հետևում է սակագների թանկացումը՝ նախկինում միշտ այդպես է եղել: Այնպես որ ՀԾԿՀ փոխնախագահի կողմից թանկացման հավանականության հստակ չբացառելը, թերևս, պայմանավորված է հենց դրանով, որ ժամանակից շուտ հանրության շրջանում չեն ցանկանում սոցիալական դժգոհության ալիք բարձրացնել, հատկապես, որ վերջին շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների կտրուկ աճ է արձանագրվել:
Այստեղ, շեղվելով թեմայից, անդրադառնանք գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց: Ըստ Ջավադյանի՝ այս պահին հանրապետությունում 1.2 տոկոսի գնաճ կա, իսկ տարվա վերջում կանխատեսվում է 2.5-2.6 տոկոս գնաճ: Դիտարկմանը, որ շատ ապրանքներ են թանկացել, ԿԲ նախագահը, որը, բնականաբար, անձամբ խանութ չի գնում ու առևտուր չի անում, արձագանքել է.
«Կան ապրանքներ, որոնք թանկացել են, բայց կան նաև ապրանքներ, որոնք էժանացել են: Էժանացել է շաքարավազը, շատ այլ ապրանքներ ևս՝ միրգ, բանջարեղեն...»,- ասել է նա: Այստեղ հարկ է ավելացնել, որ նույն միրգն ու բանջարեղենը ներկայումս թանկացել են, բացի այդ, կտրուկ թանկացել է կարագը, միսը, բենզինը և շատ այլ ապրանքներ, որոնք ամենօրյա կարևորության նշանակություն ունեն: Բայց, հետևելով Ջավադյանի տրամաբանությանը, սա դեռ սկիզբն է և տարեվերջին նոր կզգանք իսկական գնաճը:
Հաջորդ սակագինը, որին անդրադարձավ ՀԾԿՀ փոխնախագահը, ջրի սակագինն է: Ինչպես հայտնի է, «Վեոլիա ջուրը» ջրի սակագինը 14 դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել, սակայն ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: Պաշտոնյայի խոսքով՝ նոյեմբերի վերջին որոշում կկայացնեն և հանրությանը կտեղեկացնեն` թանկացում կլինի, թե ոչ:
Նա նաև հիշեցրեց, որ համաձայն ՀՀ կառավարության և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կնքած վարձակալության դրույթների, յուրաքանչյուր տարի ընկերության մատուցվող սակագները ենթակա են ճշգրտման, ինչի համար երեք հանգամանք է հաշվի առնվում՝ էլեկտրաէներգիայի սակագին, սղաճ և սահմանված պայմանագրում վաճառվող ջրի ծավալներից շեղում: Եվ հանձնաժողովը պետք է հասկանա կոնկրետ այդ թվի ճշգրտումը:
Հիշեցնենք, «Վեոլիա ջուր»-ը նախկինում ջրով ապահովում էր Երեւանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, պայմանագրում նշվում է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ), ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որն էլ առաջարկվում է հասցնել 58.3-ի: 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար՝ հասնելով 180 դրամի 1 խմ-ի դիմաց, այդ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով:
Մնում է հիշեցնենք, որ 2015 թվականին ժողովուրդը ոչ միայն Երևանում, այլև մարզերում դուրս եկավ փողոց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այդ բողոքը ստացավ Էլեկտրական բունտ անվանումը, և ժամանակավորապես հետաձգեց թանկացումը: Սակայն ինչպես նախկինում արդեն նշել ենք՝ այս անգամ, երբ հանրությունը բախվեց ջրի սակագինը 14 դրամով թանկացնելու հնարավոր հեռանկարին, որևէ բողոքի ձայն չբարձրացավ: Գուցե երբ պարզվի, որ 2018 թվականի օգոստոսից էլեկտրաէներգիան, այդուհանդերձ, թանկանալու է, փողոցները նորից ողողվեն բողոքող քաղաքացիներով... բայց ի՞նչ դա կփոխի: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է:
Եվ մեկ բան. անխուսափելի թանկացումների ֆոնին ուրախալին (ժամանակավոր, բայց դե) այն է, որ անցած շաբաթ Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ քննարկումների արդյունքներով Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող որոշում է կայացվել՝ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է գազի հատուկ սակագինը (2016-ի ապրիլից Հայաստանը ՌԴ-ից գազ է գնում խ/մ–ի դիմաց 150 դոլարով)։ Այս հայտարարությունը քաղաքական դաշտում մեծ աղմուկ բարձրացրեց, քանզի պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, ճշմարտությունը թաքցրել էին, քանզի հայտարարում էին, որ գազը չի թանկանա: Իսկ այս դեպքում, երբ Մեդվեդևը հայտարարում է, որ այդ որոշումն ընդունվել է, «չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա», պարզ է դառնում, որ Հայաստանի վրա 2018-ին կախված էր նաև գազի թանկացում: Բայց Ռուսաստանի բարի կամքի դրսևորման պայմաններում գոնե գազի սակագինը կպահպանվի... թեև Հայաստանում ոչինչ բացառել պետք չէ:
Լիա Խոջոյան