Իրաքյան Քրդստանի շուրջ զարգացումները շարունակում են սրել իրավիճակն առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Իրաքի Քուրդիստանի ընդդիմությունը Մասուդ Բարզանիին կոչ է արել հրաժարական տալ՝ մեղադրելով «աղետի» համար, որում քրդերը հայտնվել են Քիրքուքը կորցնելուց հետո:
Ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, որո՞նք ենտարածաշրջանի և արտատարածաշրջանային խաղացողների հետաքրքրությունները Իրաքյան Քուրդիստանի կոնֆլիկտի կարգավորման հարցում, ի՞նչ են ուզում հատկապես Մոսկվան ու Վաշինգտոնը. այս հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
-Քրդական հարցը մերձարևելյան տարածաշրջանի այն կարևոր գործոնն է, որի ակտիվացումը կարող է էլ ավելի պայթունավտանգ դարձնել առանց այդ էլ շատ անկայուն ու քաոսային իրավիճակը տարածաշրջանում: Դրանով է պայմանավորված, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև բոլոր գերտերությունները, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն այսօր ուշադիր հետևում են գործընթացներին և փորձում են զսպել քրդական գործոնի ակտիվացումը, որի ակնհայտ օրինակն է Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեին հանդեպ դրսևորած վերաբերմունքը: Այսինքն, աշխարհաքաղաքական դերակատարները՝ միջազգային կարևորագույն խաղացողները և տարածաշրջանային պետությունները, հատկապես Իրանն ու Թուրքիան՝, փորձեցին հանրաքվեն հենց իր հիմքում ճնշել:
Տարածաշրջանային չորս երկրների, որոնց առնչվում է քրդական հարցը՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի մտավախությունն այն է, որ Իրաքում քրդական պետության ստեղծումը կարող է շղթայական ազդեցությամբ տարածվել նաև իրենց վրա, քանզի այդ չորս պետություններում էլ կա քրդական բնակչություն: Եթե Իրաքում հաջողվի պետություն ստեղծելու այդ նախագիծը, ապա հաջորդը լինելու է Սիրիան՝ ճգնաժամից Իրաքը դուրս էր գալու նոր տարածքային սահմաններով, առանց Քրդստանի: Մենք գիտենք, որ մոտ ապագայում նման խնդիր լինելու է նաև Սիրիայի դեպքում, քանի որ ներկայիս հակաահաբեկչական պայքարից հետո այս հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն էր սկսվելու, որովհետև եթե Իրաքում հաջողեին, ապա Սիրիայի քրդերը գնալու են նույն ճանապարհով. վերջին տարիներին նրանք, ըստ էության, վերահսկում են և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և՛ տնտեսական կյանքը այն շրջաններում, որտեղ իրենք բնակվում են:
-Իրավիճակը օր օրի ավելի է սրվում: Քրդական կողմը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության Բաղդադի հետ և չի ուզում պատերազմել, բայց միևնույն ժամանակ նաև նշում են, որ պատրաստ են նաև նման զարգացումների: Բաղդադն էլ, իր հերթին, հայտարարում է, որ կբանակցեն քրդերի հետ միմիայն անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու դեպքում: Առաջին ծիծեռնակն էլ հոկտեմբերի 16-ին էր, երբ Իրաքի զորքը գրավեց Քիրքուքը: Ո՞ւր կարող է հասնել այս իրավիճակը:
-Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավարությունն է՝ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, նրանց քաղաքական անփորձությունը, քանի որ նրանք, ըստ էության, սխալվեցին իրենց հաշվարկներում: Բարզանիականները փորձեցին օգտվել տարածաշրջանում ստեղծված քաոսային իրավիճակից ու ստեղծել իրենց պետությունը, մինչդեռ հաշվի չէին առնում մի կարևոր հանգամանք, որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան, որոնք ներգրավված են գործընթացներին, առաջին հերթին անվտանգության խնդիրներն են փորձում լուծել, իսկ անվտանգության խնդիրը սերտորեն առնչվում է հենց քրդական գործոնին:
Երկրորդը. նույն միջազգային կարևոր դերակատարները, որոնք ներգրավված էին մերձարևելյան գործընթացներում, ձգտում էին կայունության և ապակայունության նոր օջախ այս տարածաշրջանում չէին ցանկանում: Եվ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը, կարծես թե, չէր հաշվարկել այս իրավիճակը կամ սխալվել էր իր հաշվարկներում, և եթե չգնային հանրաքվեի ճանապարհով, այլ հաշվի առնեին այն ձեռքբերումները, որ ունեին 2013 թվականից հետո՝ մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարի դեմ շրջանակներում քրդերի տարածքների ընդլայնումը բուն քրդական տարածաշրջանից դուրս և այս խաղաքարտով ուղղակի գնային բանակցությունների, այդ ժամանակ նրանց դիրքերը ավելի ուժեղ կլինեին:
Մինչդեռ այս ճանապարհով՝ անկախության հանրաքվեի, քրդերը կորցրեցին, ըստ էության, իրենց դաշնակից և բարեկամական հարաբերություններ ունեցող այնպիսի դերակատարների, ինչպիսին, օրինակ, Թուրքիան էր, որն իսկապես եղել է Իրաքյան Քրդստանի կարևոր գործընկերներից մեկը, ԱՄՆ-ն և այլն: Առկա զարգացումներով իրենք կարծես մեկուսացան, ունենալով մեկ բացահայտ աջակից՝ Իսրայելը, և մի քանի արաբական երկրներ, որոնք ստվերային աջակցություն կարող են ցույց տալ: Թեև վերջին օրերին, երբ Իրաքի կառավարությունը ավելի բացահայտ ու ձեռքերն ավելի ազատ անցավ կոնկրետ գործողությունների և վերականգնեց 2013-2014թթ-ին կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ակնհայտ է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը պարզ գիտակցում է այն իրավիճակը, որում հայտնվել է և մնում է հուսալ, որ նաև միջնորդների ջանքերով բանակցությունների գործընթաց կսկսվի:
-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դերակատարությունն այս ամենում:
-Այն պետք է դիտարկենք երկու տեսանկյունից. մեկն առանձին Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի, մյուսը Սիրիայի քրդերի հետ կապված, որովհետև ի տարբերություն Իրաքի, որտեղ Ռուսաստանի դերակատարությունն ու ազդեցությունը շատ ավելի սահմանափակ է, Սիրիայի դեպքում իրավիճակն այլ է, որն էլ թելադրում է դիրքորոշումը: Իրաքի պարագայում քրդերի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Թուրքիան և ԱՄՆ-ն, այդ իսկ պատճառով Ռուսաստանն այստեղ որոշիչ դերակատարություն ունենալու հավակնություններ չուներ, մանավանդ, որ և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ իրավական առումով մշտապես Միացյալ Նահանգներն աջակցություն են ցուցաբերել և այսօր էլ ստեղծված իրավիճակում քրդերի ճակատագիրը մեծապես կախված է ԱՄՆ դիրքորոշումից:
Ինչը չի կարելի ասել Սիրիայի քրդերի հարցում, որովհետև սիրիական հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանը, որպես սիրիական վարչակարգի դաշնակից, ձգտել է, որպեսզի հիմնական դերակատարների միջև լինի համերաշխություն և մշտապես պլատֆորմ է առաջարկել երկխոսություն իրականացնելու համար: Եվ տարբեր միջազգային ձևաչափերում, նվիրված սիրիական հակամարտության կարգավորմանը, պնդել է քրդերի մասնակցության իրավունքը, ինչը մերժվել է ընդդիմադիրներին աջակցող ճամբարի՝ Թուրքիայի կողմից: Եվ այս համատեքստում մենք տեսնում ենք և հետագայում էլ ականատես կլինենք Ռուսաստանի առավել ակտիվ դերակատարում հենց Սիրիայի քրդական հատվածներում և սիրիական քրդերի ճակատագրի հետ կապված:
Ինչպես նաև չմոռանանք, որ 2017 թվականի սկզբին ռուսական կողմն առաջարկեց սիրիական հակամարտության կարգավորման սեփական տարբերակը, նաև Սահմանադրության նախագիծը, որտեղ առաջարկում էր պետության դաշնային ձևը և ուրվագծվում էր քրդերի առանձին ինքնավարության հնարավորությունը բավական լայն հնարավորություններով:
-Նոյեմբերի 1-ին Իրաքյան Քրդստանում պետք է տեղի ունենային նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սակայն օրերս իշխանությունները հայտարարցին, որ ընտրությունների օրը հետաձգվում է: Ի վերջո, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, եթե ընտրությունները կայանան:
-Կարծում եմ, որ գործընթացը կշարունակի մնալ իրավիճակային որոշումների փուլում: Ճիշտ է, քրդական կողմը հայտարարել է այս ընտրությունները հետաձգելու մասին, բայց կախված իրավիճակային զարգացումներից չեմ բացառում նաև դրանց անցկացումը: Եթե, այնուամենայնիվ, քրդերը որոշեն գնալ ծայրահեղ քայլի՝ հռչակեն իրենց անկախությունը, ապա տարբերակ է նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ դա ենթադրում է ուղղակի ռազմական միջամտություն հենց Թուրքիայի և Իրանի կողմից, ինչը, հասկանալի է, անկանխատեսելիորեն կսրի իրավիճակը տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ քրդական հարցում հիմնական արտատարածաշրջանային դերակատարներին՝ և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին ավելի ձեռնտու է մինչև 2013-2014թթ. եղած ստատուս-քվոն, այսինքն տարածքային այն սահմանները, որը կար մինչև «Իսլամական պետության» հետ կապված զարգացումները:
Հիշեցնենք, Իրաքյան Քուրդիստանը Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավարություն է: Սեպտեմբերի 25-ին անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքներով 2,86 մլն մարդ՝ 92.7 տոկոս, կողմ է քվեարկել անկախությանը: Իրաքի իշխանությունները հանրաքվեն անվանեցին ոչ լեգիտիմ:
Լիա Խոջոյան