ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ առանց պետտուրքի
Լուսանկարը` abc
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Այս միջոցը հնարավոր է դարձել «Պետական տուրքի մասին» օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների շնորհիվ։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նաև հստակեցրել է, որ քաղաքացիների հարմարավետության համար քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են հանրապետության ավելի քան 40 հասցեներում։
Դիմումները կարելի է ներկայացնել մարզերի բոլոր ստորաբաժանումներում, ինչպես նաև Երևանում՝ Զաքյան փողոցի 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում և ՆԳՆ սպասարկման կենտրոններում՝ շրջիկ ձևաչափով։ Այս քայլերը նպատակ ունեն պարզեցնել և արագացնել Լեռնային Ղարաբաղը լքել ստիպված անձանց համար քաղաքացիություն ստանալու գործընթացը։