VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Մեր աղբյուրները նշում են, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր
Սամվել Կարապետյանին: Գործարքի մասին պիտի հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, բայց Կարապետյանը, լինելով փորձված գործարար և տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո: Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու և այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը: Կարապետյանը, մասնավորապես, մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը:
Այսինքն` Սամվել Կարապետյանը վճարում «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը և հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում: Այս պարագայում էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սամվել Կարապետյանը, հասկանալի պատճառներով, չի ուզում. որ իր ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը ասոցացվի հոսանքի թանկացման հետ: Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում: Մեր տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33,2%-ով: Ընդ որում՝ այս տարվա առաջին եռամսյակին այդ անկումը ավելի քիչ էր՝ 28,5%: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ անկումը աճել է ևս 4,7%-ով: Մինչդեռ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներն իրենց հարցազրույցներում հույս էին հայտնում, որ տարվա ընթացքում անկման տեմպերը կթուլանան: Շարունակում է ավելանալ նաև ներմուծման անկումը՝ հասնելով 38%-ի՝ առաջին եռամսյակի 30,5%-ի փոխարեն: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ ներմուծման նվազումը ավելացել է ևս 7,5%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունից բացի, խոշոր՝ 8,6% անկում է ունեցել նաև ներքին առևտրի շրջանառությունը: Իսկ տնտեսությունը ընդամենը 2,7% ակտիվություն է գրանցել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյանի պայքարը «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին` սահմանադրական բարեփոխումներին: Այս ընթացքում, երբ ցուցարարները եւ աղբամանները «չոքել» էին Սահմանադրական դատարանի դռանը, ՍԴ-ում, ԿԸՀ-ում եւ ՀՀԿ-ում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում աշնանն սպասվելիք հանրաքվեի ուղղությամբ: ՀՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների եւ այժմ ունի 15 հազար 684 լիցենզավորված` հանրաքվեի եւ ԱԺ ընտրությունների համար ԸԸՀ-ներում աշխատելու համար: Ընտրատեղամասերը թվով 1900-ն են: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 հազար լիցենզավորված, մյուսները` շատ ավելի քիչ, ոմանք ընդհանրապես չունեն: Իսկ հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, եւ եթե որեւէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, լիցենզիա ունեցող այլք, կոնկրետ ՀՀԿ-ն՝ մեծ սիրով կանի դա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար
Վիգեն Սարգսյանը դարձել է
Սերժ Սարգսյանի ստվերը եւ ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին «հմայել»: Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետեւողականորեն չեն «հետապնդել»: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա՛մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա՛մ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջեւում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով: Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա»: