Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Ժնեւում պայմանավորվածությունները խախատելու մասին մեղադրանքներին, հայտարարել է, որ հայկական կողմը երբեւիցե փակ բանակցություններում տեղի ունեցածի վերաբերյալ պայմանավորվածությունը չի խախտել ու չի էլ խախտի:
ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով կայացած բանակցություններից հետո պաշտոնական Բաքուն քանիցս հայտարարեց, որ իբր Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ խոսել բանակցություններում քննարկված խնդիրների մասին: Միեւնույն ժամանակ թեպետ նախագահները նույյն բանակացություններում պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն բանակցություններից երեք օր անց, ըստ պաշտոնական հաղորդագրության ադրբեջանական զինուժի աևրձակած կրակոցից զոհվեց Արցախի ՊԲ-ի զինծառայող:
Քոչարյանի խոսքով, պայմանավորվածությունը խախտում է Բաքուն: «Խախտողը Ադրբեջանն է, որովհետեւ այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո նա բոլորովին ուրիշ բաներ է ասում, ինչը շատ ակնհայտ է: Բավական է տեսնել համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները, որտեղ նրանք բացահայտել են, թե ինչ է բանակցությունների սեղանին դրված, այդ թվում եւ երեք միջազգային սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն բանակցող կողմերը, եւ 6 տարրերը, ու համեմատել դրանք նրա հետ, ինչ խոսում է Ադրբեջանը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի, պայմանավորվածությունները խախտելու մասին անգամ պետք չէ բարձրաձայնել, քանի որ «դա անզեն աչքով է երեւում»: «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն առանց այդ էլ անզեն աչքով երեւում է, առավել եւս համանախագահներին: Բայց եթե անզեն աչքով երեւում է, դա չի նշանակում, որ պետք է դրա մասին լռել: Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով իրեն մղել է փակուղի բոլոր հարցերում: Արդյունքում նա փակում է իր ճանապարհն այդ փակուղուց դուրս գալու համար», - հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների մանրամասներին չի տիրապետում եւ չի կարող ասել՝ արդյոք քննարկվո՞ւմ է անցած տարվա ապրիլյան զինված բախումների ժամանակ հայկական կողմի՝ 800 հա տարածքի կորստի հարցը:
«Մանրամասներին չեն տիրապետում, քանի որ ինքս չեմ մասնակցում բանակցություններին: Բայց որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաեւ միջնորդների մոտեցումների վրա, դա երեւում է»,- ընդգծեց նա:
Շավարշ Քոչարյանը նաեւ հայտարարեց, Ադրբեջանին վրդովվեցրել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, իրենք մոռացել են, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռեւս ԽՍՀՄ օրոք, համաձայն ԽՍՀՄ օրենքի եւ Խորհրդային Միության փլուզումով նրանց երկուսն էլ իրավահավասար են: Ավելին ասեմ՝ նույնիսկ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում: Այնպես որ, իր անհեռանկար հայտարարություններով, Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը եւս անդրադարձավ Բավքի մեղադրանքների եւ տարօրինակ համարեց իրավիճակը, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը «մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել»:
Նա անկեղծացել է եւ տարօրինակ համարել այս իրավիճակը՝ նշելով, որ սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարց ուղղի: «Ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել», - հայտարարել էր Սարգսյանը:
Նա անդրադարձել էր նաեւ բանակցություններից հետ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը:
«Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն՝ այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ համանախագահներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ճշտելու հաջորդ հանդիպման օրը, որը նախատեսվում է առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: