24.11.2024
Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին
prev Նախորդ նորություն

Քննարկվել է հայ-իրանական սահմանին ԱՏԳ-ում ռուսական ընկերությունների ներգրավման հարցը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ:


Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ:


Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը և մի շարք այլ հարցերի: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար:


Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին: Զրուցակիցները նաև պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` 18-րդ նիստը: