24.11.2024
ԴԱՀԿ-ն չի բռնագանձի պետական նպաստներն ու հաշմանդամներին վճարվող գումարները
prev Նախորդ նորություն

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Այդ մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։


Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։


Աշոտ Մանուկյանի խոսքով, «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։  

Իր հերթին դեսպան Միլսը նշել է, որ «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է:  

Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև:


Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։
«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։