Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, բողոքի ակցիաները կարող են վերսկսվել մոտակա ամիսներին: Այսօր նստացույցի ցրումը չի կարելի համարել երկրում ստեղծված իրավիճակից ելք: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը առանց բիրտ ուժ կիրառելու բերման էր մի քանի տասնյակ ցուցարարների, որոնք չէին ցանկանում ենթարկվել իրավապահների պահանջներին: Ցույցը ցրելուց և պողոտան ապաշրջափակելուց հետո, հայտարարությամբ է հանդես եկել Երևանի փոխոստիկանապետ
Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ բոլոր բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն: «Նրանց նկատմամբ գործեր չեն հարուցվելու, նրանք ազատ կարձակվեն»,-նշել է նա: Ցույցի ցրումից մի քանի ժամ անց ձերբակալված ակտիվիստներն իրոք ազատ են արձակվել:
Մինասյանի կարծիքով, այսօրվա հանգուցալուծումը տրամաբանական էր, հաշվի առնելով բողոքի շրջանակների նվազումը և էմոցիոնալ լարվածության թուլացումը: «Չնայած այսօրվա փուլը կարելի է անցած համարել, այնուամենայնիվ, ոչ մի լավ բան դա չի խոստանում ո՛չ իշխանություններին, ո՛չ ժողովրդին: Բաղրամյան պողոտայում իրադարձությունները կարող են կրկնվել մի քանի ամիս անց: Լուրջ ընդդիմության բացակայության և մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում, հասարակական դժգոհությունն անպայման դուրս կթափվի փողոցներ», - նշել է քաղաքագետ:
Փորձագետը ոստիկանության փափուկ միջոցները բացատրում է նրանով, որ երկրի քաղաքական ղեկավարությունը, հավանաբար, հասկացել է, որ կոշտ միջոցները միայն վատթարացնում են իրավիճակը, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի 23-ի առավոտը՝ ցույցի ցրման ժամանակ:
«Ես կարծում եմ, որ հունիսի 23-ից ջրցան մեքենաների միջոցով ցույցի ցրումը հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաներին հետագա օրերին», - պարզաբանեց Մինասյանը:
Իր հերթին, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար
Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ իշխանությունները գնացել են ընդառաջ ցուցարարներին՝ կազմակերպելով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունում աուդիտ և համաֆինանսավորելով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Գրիգորյանի կարծիքով, իշխանությունների գործողությունները շատ դեպքերում թույլ տվեցին լիցքաթափել իրավիճակը:
«Պարզ է, որ այսուհետ իշխանությունների ցանկացած ոչ պոպուլյար որոշում փողոց է դուրս բերելու հազարավոր մարդկանց: Դրա համար նախադեպ արդեն իսկ գոյություն ունի», - նշել է փորձագետը:
Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց մասնաբաժնով դուստր ընկերություն համարվող "Հայաստանի էլեկտրական ցանցերը" մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հայտ: Ընկերությունն առաջարկել է մեկ կիլովատ ժամի համար էլեկտրաէներգիայի սակագների այսօրվա 41.85 դրամի փոխարեն հասցնել 58.93 դրամի, իսկ գիշերայինը՝այսօրվա 31.85 դրամի փոխարեն հասցնել 48.93 դրամի:
Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին հայտը բավարարեց մասնակի: Նիստի արդյունքում որոշում է կայացվել սակագները բարձրացնել 17 դրամի փոխարեն 6.93 դրամով: Այդ որոշումն էլ մեծ հասարակական դժգոհություն է առաջացրել՝ հանգեցնելով շուրջօրյա բողոքի ակցիաների կազմակերպման Երևանի կենտրոնում:
Հունիսի 27-ին ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագների բարձրացման ողջ բեռը մինչև "Հայաստանի էլցանցերի" վերաբերյալ աուդիտի եզրակացության ստանալը: