Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: Փորձագետները կարծում են, որ նման համագործակցությունը զարգացում կստանա՝ այդ թվում և բելառուսական սպառազինության բարձր որակի պատճառով, գրում է բելառուսական БДГ թերթը:
Ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը նշել է, որ Բելառուսը շատ բան է արել ադրբեջանական հակաօդային պաշտպանության համակարգերի ամրացման համար՝ արդիականացնելով ՀՕՊ համակարգերը: Բացի այդ, բելառուսները կարող են Ադրբեջան մատակարարել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ մարտագլխիկների, անօդաչու սարքերի ազդանշանները ճնշելու համար:
Ալեսինը պատմել է, որ հնարավոր է, որ Բելառուսն առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարում:
«Ռուսաստանը մինչև 280 կիլոմետր հեռահարության «Իսկանդեր-Է» է մատակարարել Հայաստանին, և հավասարակշռության ապահովման համար ես չեմ բացառում, որ Բելառուսը, հնարավոր է, Ադրբեջանին 200 կիլոմետր հեռահարության «Պոլոնեզներ» է մատակարարել»,- ասել է ռազմական փորձագետը:
Այդ դեպքում, նա վստահություն է հայտնել, որ այդ մատակարարումները համաձայնեցվել են Ռուսաստանի Դաշնության հետ, որը «հետևում է, որ երկու պետություններում հավասարակշռություն լինի, որպեսզի նրանցից մեկը չստանա ակնհայտ առավելություն և չլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով»:
«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարը չափազանց մեծ է: Բելառուսական սպառազինությունն իրեն լավ կողմից է ցույց տվել Ադրբեջանին, և այնտեղ պատրաստ են շարունակել համագործակցությունը»,- ասել է Ալեքսանդր Ալեսինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, և «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»: