Իրաքը մտադիր է վերսկսել նավթի արտահանումը Քիրքուքից Ջեյհան
Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին պահանջել է հնարավորինս շուտ վերսկսել նավթի արտահանումը Քիրքուքի հանքավայրերից թուրքական Ջեյհան նավահանգիստ, հայտնել է Իրաքի նավթի նախարարությունն իր կայքում, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Երկուշաբթի նախարարը հանդիպել է Բաղդադում Թուրքիայի դեսպանի հետ, որի հետ, մասնավորապես, քննարկել են իրաքյան նավթի արտահանումը Ջեյհան նավահանգստի տարածքով։
Նախարարության տեղեկություններով՝ Ալ Լաիբին նշել է, որ անհրաժեշտ է արագացնել նավթի արտահանման վերսկսումն այն խողովակաշարերի ցանցով, որոնք Քիրքուքի նավթային հանքավայրերից հասնում են թուրքական Ջեյհան նավահանգիստ իրաքյան Սալահ էդ Դին եւ Նինվե նահանգների տարածքով։
«Հյուսիսային նավթային ընկերություններին, նավթային նախագծերի ու խողովակաշարերի համար պատասխանատու ընկերություններին կարգադրվել է ներկայացնել Քիրքուքից Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանումը վերսկսելու շտապ ծրագիր»,- ասել է նախարարը։
Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Իսամ Ջիհադը նշել է, որ ընկերություններին այդ կարգադրությունը տրվել է Քիրքուք, Նեյնավա ու Սալահ-էդ-Դին նահանգներում ԻՊ հսկողության տակ գտնվող քաղաքների ազատագրումից հետո։