Լավրով. Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են հարցերի լայն շրջանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հինգշաբթի քննարկել են Սիրիայում, Իրաքում, Եմենում, Պարսից ծոցում տիրող իրավիճակը եւ մերձավորարեւելյան կարգավորումը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«ՌԴ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում առավել կարեւոր իրադարձությունների շուրջ։ Հիմնական շեշտադրումն արվել է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի եւ Պարսից ծոցի գոտում խնդիրների ու պաղեստինա–իսրայելյան կարգավորման վրա։
Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է արագ հաղթահարել ճգնաժամային վիճակները խաղաղ, քաղաքական միջոցներով լայն ազգային երկխոսության հիման վրա՝ ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքին համապատասխան։ Այս ենթատեքստում թագավոր Սալմանը դրական է գնահատել Աստանայի ձեւաչափով ձեռնարկվող ջանքերը»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։