ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ նորածնի դիակի եւ ծննդկանի նկատմամբ։
Արտաքնոց նետվեց երեք նորածին
Ինչպես հայտնում է armtimes.com-ը, ընթացիկ տարում Հայաստանի ողջ տարածքում գրանցվեց մանկասպանության ամենաքիչը երեք դեպք: Դեպքերից առաջինը գրանցվեց տարեսկզբին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում. 30-ամյա Ա. Բ.-ն իրենց բակի արտաքնոցում ծննդաբերել էր, երեխան ընկել էր հորն ու մահացել: Կինը գտնվել էր հղիության 8-րդ ամսում, մահացած փոքրիկը կնոջ 4-րդ երեխան էր: Հղությունը գրանցված է եղել, ընթացել է նորմալ:
Գյուղապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքը պատահականություն է, եւ եթե կինը չցանկանար լույս աշխարհ բերել փոքրիկին՝ ավելի շուտ կհրաժարվեր: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բնութագիրը, կարելի է քիչ թե շատ հավատալ, որ կինն իրականում վիժել է, եւ երեխան էլ բնավ անցանկալի պտուղ չի եղել:
Հաջորդ սահմռկեցուցիչ դեպքը գրանցվեց Լոռու մարզի Արևածագ գյուղում: Չամուսնացած աղջիկը, ով ամիսներ առաջ էր վերադարձել ՌԴ-ից ու ապրում էր եղբոր հետ, հղիությունը բոլորից թաքցրել էր: Դեպքի օրն առավոտյան գնացել էր բակում գտնվող զուգարան ու վիժել, 7 ամսական պտուղն ընկել էր հորը: Կնոջն արնահոսությամբ տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ արդեն գյուղ էին ժամանել փրկարարներն ու ոստիկանները, ովքեր մահացած վիճակում հորից դուրս էին բերել երեխայի անշնչացած մարմինը:
Ի տարբերություն Ջաջուռի, այս դեպքում, թերեւս, հիմնական վարկած շրջանառվեց ոչ թե պատահականությունը, այլ երեխայի՝ անցանկալի լինելն ու նրանից ազատվելը: Կնոջ հղիության մասին չէին իմացել անգամ հարազատներն ու մտերիմները: Հղությունը որեւէ տեղ չէր գրանցվել, կինը որեւէ հետազոտություն չէր անցել:
Վերջին նմանատիպ դեպքը գրանցվեց օրեր առաջ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 32-ամյա կինն առավոտյան արթնացել էր, սեփական ուժերով պատշգամբում ունեցել երեխային, որին մոր հետ նետել էին զուգարանի հորը: Փոքրիկը մահացել էր, կինը տեղափոխվել Բերդի հիվանդանոց: 32-ամյա կինը եւս ամուսնացած չի եղել: Սա կնոջ առաջին հղիությունն էր, որ թաքուն էր պահվել բոլորից: Կինը բժիշկներին հայտնել էր, որ երեխան ծնվելուց ճիչ է արձակել: Մինչդեռ տատիկի պատմելով` փոքրիկը մահացած է ծնվել: