24.11.2024
Արցախում զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այսպիսով այն դարձավ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։


Ինչպես հայտնում է "Ամերիկայի ձայնը", Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևում Միչիգանի օրենսդիրները կոչ են անում դաշնային իշխանություններին հաստատել տնտեսական և մշակութային կապեր Լեռնային Ղարաբաղի հետ:  Այն ներկայացրել էր սենատոր Դեվիդ Քնեզեքը։


Բանաձևը ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Բանաձևի ընդունմանը զգալիորեն նպաստել են Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ կառույցներն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:


«Ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել սենատոր Դեյվիդ Քնիզեկին, ինչպես նաև Միչիգանի տեղի Հայ Դատի հանձնախմբին Լառա Ներսիսյանի ղեկավարությամբ, ովքեր շատ մեծ գործ տարան այս բանաձևը ներկայացնելու և ընդունելու հարցում»,- հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի ԱՄՆ-ը Արևելյան ափի գրասենյակի ներկայացուցիչ Արմես Սահակյանը:


Փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմական զարգացումներին: Ըստ բանաձևի, Լեռնային Ղարաբաղը խորհրդային առաջնորդ Ստալինի կողմից բռնակցվել է Ադրբեջանին 1921 թվականին, իսկ 1991-92 թվականներին հռչակել անկախություն:


Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ինքնորոշման իրավունքի իրականացմանը, իսկ Ղարաբաղի անկախության ճանաչումը հնարավորություն կտա կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը:


Բանաձևում ասված է, նաև որ Միչիգանի օրենսդիրներն աջակցում են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ու խաղաղություն հաստատմանը:


Արցախի անկախության ճանաչման հարցում Միչիգանը միացավ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Քալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգներին:


Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: