Իրանից գազ գնելու մասին բանակցություններ եղել են, առաջիկայում էլ կքննարկվի. Իրանի դեսպան
Մենք բավարարված չենք հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով ներկա էր Երևանում բացված իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդեսին:
«Ո՛չ Իրանի կառավարությանը, ո՛չ էլ Հայաստանի կառավարությանը չեն բավարարում առևտրաշրջանառության ներկայիս ծավալները: Բայց, եթե համեմատենք Իրանի և այլ պետությունների միջև առևտրաշրջանառության հետ, ապա այն մեզ համար, ամեն դեպքում, գոհացուցիչ է: Մենք որոշել ենք, որ մեր երկրների հնարավորությունները լավագույնս ներկայացնենք միմյանց՝ զբոսաշրջիկներ այցելեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն և այլն»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային հզոր երկիր, ուշադրություն է դարձնում ինքնաբավությանը, կարևորում է իր բարեկամական հարաբերությունները հարևան պետությունների հետ, ուստի Հայաստանն ու Իրանը կարող են լավագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունից, համատեղ արտադրանքը ներկայացնել ողջ աշխարհին:
Պատասխանելով հարցին, թե էներգետիկ ոլորտում համագործակցություն կլինի՞, հնարավո՞ր է, որ Իրանը գազ մատակարարի Հայաստանին, դեսպանը նշել է.
«Մենք բանակցություններ ենք ունեցել, վարչապետի առաջիկա այցի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվելու: Իրանը միշտ ձեր կողքին է եղել ու կլինի ձեր կողքին է»: