23.11.2024
Կրակոցներ Երևանի կենտոնում. հայտնի է սպանվածի ու վիրավորի ինքնությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ն կայացրել է վճռական որոշում՝ Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետեւ ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսեւորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաեւ հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու: Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»: Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. Այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։ Բանն այն է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր «ղեկավարել» մարզն իր կադրերի, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի միջոցով, իսկ Վահե Հակոբյանը որոշել էր մարզը «լիսկաթափել»։ Ասում էին, որ նա այդ պաշտոնը խոստացել էր «Առանցք» ընկերության հիմնադիր Գագա Առուշանյանի որդուն՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին, ով ստիպված էր ինքնաբացարկի դիմում գրել այն բանից հետո, երբ իր հաղթանակի խնջույքից հետո մարդ էր ծեծել։ Քաղաքում, սակայն, գոհ չեն այս նշանակումից։ Գորիսեցիներից մեկն ասաց․ «Ընդամենը 26 տարեկան է, ինքն էլ էդպես կայացած ու լուրջ մարդ չէ, բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք: Հայրը, հասկացանք, հայտնի գործարար է, բայց դե` նրան Ադունցով փոխարինելն անարդար է, էլի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանն զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։ Նշենք, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շատ է խոսվում, որ օրենքներն ամենաշատը խախտում են պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք: Ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում վարորդների մեծամասնությունն էլ համոզված է, որ պաշտոնյաներին ՃՈ տեսուչները չեն տուգանում: Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վառ ապացույց է այն բանի, որ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներ վարողները համոզված լինելով, որ չեն տուգանվի, խախտումներով են վարում: Եւ այսպես. Երեւանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում: Ավանի Ալմաթի փողոցից սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 9:00-ի սահմաններում, քաղաքապետի ծառայողական մեքենան մուտք է գործում Մարշալ Բաբաջանյանի փողոց եւ ընթանում է դեպի Տարոն Մարգարյանի առանձնատուն: Բաբաջանյան փողոցում «Մերսեդեսը» երկու անիվներով հատում է հոծ գիծը եւ վազանց կատարում: Մոտ 500 մետր առաջանալով եւ հասնելով քաղաքապետի տան մոտ՝ արդեն 4 անիվներով է հատում հոծ գիծը եւ կայանում առանձնատան դիմաց: Երկրորդ խախտման ժամանակ, եթե վարորդը մոտ 10 մետր առաջանար, ապա խախտում չէր կատարի եւ թույլատրված տեղից կհատեր հանդիպակաց երթեւեկության գոտին: Առաջին խախտումը բնութագրում եւ պատասխանատվություն է սահմանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով: Տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է՝ 10 հազար դրամ: Երկրորդ խախտումը բնութագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով եւ սահմանվում է 30 հազար դրամ տուգանք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մասիսի քաղաքապետարանից տեղեկանք ստանալը գին ունի. ահազանգեցին մի խումբ մասիսցիներ: Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղեկանք ստանալու համար պետք է քաղաքացիները վճարեն 1000–ական դրամ։ Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են քաղաքի տեղական իշխանություններից՝ բողոքելով, որ ամենուր իրենցից գումար են պահանջում: «Մի տեղեկանքի համար փող են ուզում: Թոշակով, նպաստով գոյատեւող մարդիկ ենք, մեզ փող որտեղի՞ց: Պետք է փող վճարես մի ստից տեղեկանքի համար, մարդ վախենում է մի հարցով քաղաքապետարան դիմի, փող են ուզում»,– վրդովվեցին մասիսցիները: Ահազանգի իսկությունը ճշտելու նպատակով «Փաստի» թղթակիցը կապ հաստատեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, ով վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել: «Նման բան եթե լինի, տեղում ականջները կոլորեմ, ով ուզում է լինի, չի կարա տենց բան լինի», – պարզաբանեց Մասիսի քաղաքապետը եւ վստահեցրեց, որ անձամբ հետամուտ կլինի քաղաքացիների բարձրաձայնած հարցին»: