Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ սեպտեմբերի 14-ին գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասել է ԶԼՄ-ներին, որ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգ ստացել է։ «Ահազանգ ստացվել է։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան աշխատանքներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասել է Ջանոյանը։
Մամուլի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագը: Որոշ լրատվամիջոցներ մանրամասնում են, որ կրակոցների հետեւանքով սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ. Մոսինյանը: Վիրավորը՝ կրկին Ալավերդու բնակիչ է:
Տարածքում մի կին հայտարարել է, որ իր 17-ամյա տղային, որը տարածքում հեծանիվ է քշել եւ ականտես է եղել, թե ինչպես են կրակահերթից հետո երկու երիտասարդ փախուստի դիմել, տարել են ոստիկանություն: 17-ամյա տղայի մոր խոսքով՝ տղային այժմ հարցաքննում են:
Armtimes.com-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածը Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Ավագյանն է՝ ծնված 1978 թվականին: Ավագայանը Ալավերդու բնակիչ է: Նույն աղբյուրի փոխանցմաբ կրակոցների թիրախը հենց Աբգարյանն է եղել, սակայն սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը:
Վահագն Աբգարյանն այժմ հիվանդանոցում է:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնել է, որ այսօր ժամը 13.26-ին Երեւանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ հրազենային վնասվածք են ստացել. «Նրանցից մեկը մահացել է, մյուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին հայտնի է, որ սպանվածը 43 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վիրավորը, նաեւ չի նշել նրանց անունները:
Ահարոնյանը նշում է, որ այս պահին վարկածներ դեռ չկան, աշխատանքներ են տարվում:
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ. «Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»: