ԵԱՀԿ առաքելությունն շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել
Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ին՝ ԵԱՀԿ նախորդ դիտարկման ժամանակ, Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Դիտորդական խումբն անմիջականորեն կրակահերթերի տակ չի եղել: Հակառակորդի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: