22.11.2024
ԵԱՀԿ առաքելությունն շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել
prev Նախորդ նորություն

Սխալ է կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած ենք. Բոստանջյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

ԵԱՏՄ-ի տիրույթում գտնվելը բացասական ազդեցություն ու նշանակություն չունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, իսկ եթե նույնիսկ ունի, ապա դա այնքան մակերեսային է, որ բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը արծարծելն ուղղակի տեղին չէ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Եթե մենք ԵԱՏՄ-ից ուզում ենք դուրս գալ, նշանակում է մենք ուզում ենք հանգրվանել մեկ այլ միությունում՝ թվացյալ ավելի քաղաքակրթված, բայց այդ քաղաքակրթված միությունները՝ Եվրամիություն կլինի, թե մեկ այլ, մինչև անգամ նշաններ չեն ցուցաբերել, թե ուզում են դա: Բայց, ենթադրենք, ուզում են, որ Հայաստանն անդամակցի իրենց, ապա դա դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ ակնհայտ է, որ այդ տիրույթները հակված չեն Հայաստանին պահելու. Մենք մեզ պետք է պահենք»,- շեշտեց նա:

Վարդան Բոստանջյանի խոսքով, «Հայաստանն ինքն իրեն պետք է պահի» նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք, իսկ հանրապետությունում արտադրությունը, մեղմ ասած, վատ վիճակում է: Բայց այսքանի հետ մեկտեղ ավելի քան ակնհայտ է, որ հայկական արտադրության ապրանքների իրացման շուկան կարող է լինել միայն Եվրասիական տնտեսական միության սահմաններում: Ըստ այդմ, ընդգծեց պատգամավորը, ինչպես նախօրեին այս խնդրի շուրջ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանն ուղղակի ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չի օգտագործում, մինչդեռ գործ ունենք 200 միլիոնանոց շուկայի հետ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է օգտագործել իր հնարավորությունները ԵԱՏՄ-ում, դուրս գալ այդ շուկա, հաստատվել այնտեղ: Ու թերևս քչերն են կասկածում, թե ինչ չափազանց կարևոր նշանակություն ունի դա այսօրվա Հայաստանի համար:
Վարդան Բոստանջյանը մատնանշեց նաև մեկ այլ հանգամանքի վրա, որը լրջագույն կասկածի տակ է առնում ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկությունը.

«Գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ շուրջ 3 մլն հայ գտնվում է ԵԱՏՄ ու, հատկապես, Ռուսաստանի Դաշնության տիրույթում և լավ-վատ, բայց մեր հայրենակիցները բնակվում են և իրենց ապրուստն են հոգում այնտեղ: Ավելին՝ նրանք նաև Հայաստանում բնակվող իրենց հարազատների եկամուտն են ապահովում տրանսֆերտների միջոցով: Եվ այս ամենը հաշվի առնելով որքանո՞վ ճիշտ է կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը ուղղակի տեղին չէ:

Պատգամավորը նաև հավելեց, որ սա ոչ միայն իր անձնական, այլև խմբակցության ընդհանուր մոտեցումն է, ինչի մասին երեկ խոսել է նաև Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ»: