Սեպտեբերի 11-ի ուրվականը. ԱՄՆ-ում մեղադրում են Սաուդյան Արաբիայի դիվանագետներին
1999 թվականին Սաուդյան Արաբիայի դեսպանատունը ֆինանսավորել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունների փորձը: Այսպիսի մեղադրանք է պարունակում հավաքական հայցը, որը Նյու Յորքի Մանհեթենի շրջանում դաշնային դատարան են ներկայացրել ողբերգության մոտ 1400 զոհերի անունից: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Վկայակոչելով ՀԴԲ-ի փաստաթղթերը՝ հայցվորները պնդում են, որ 1999 թվականի նոյեմբերին 2-ին սաուդյան հպատակներ Մոհամմեդ ալ Քուդհաեյնը եւ Հանդան ալ Շալավին America West ավիաընկերության Ֆինիքսից (Արիզոնայի նահանգ) Վաշինգտոն չվերթի տոմսեր գնելով՝ թռիչքի ընթացքում մի քանի անգամ նախաձեռնել են օդաչուի խցիկ թափանցելու փորձեր: Նրանց հանձնարարված էր, չբացահայտվելով, ստուգել ԱՄՆ-ում ներքին չվերթների անվտանգության համակարգը:
Հայցվորների կարծիքով՝ Նահանգներում որպես ուսանողներ գտնվող այս մարդիկ իրականում «պատկանում էին թագավորության գործակալական ցանցին»: Նրանք Աֆղանստանում ահաբեկիչների ընդհատակյա ճամբարներում նախապատրաստվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրագործողների հետ միաժամանակ, իսկ Արիզոնայում գտնվելիս կապ են հաստատել ապագա առեւանգողներից մեկի, ինչպես նաեւ Ուսամա բեն Լադենի վստահված անձի հետ, որն այժմ ԱՄՆ Գուանտանամոյի հատուկ բանտում է:
«Մենք վաղուց էինք պնդում, որ «Ալ Քաիդայի» եւ Սաուդյան Արաբիայի կառավարությունում կրոնական տարրերի միջեւ երկարատեւ եւ սերտ հարաբերություններ կային: Մենք նման եզրակացության օգտին լրացուցիչ վկայություններ ենք ներկայացրել»,- հայտարարել է հայցվորների առաջատըար փաստաբան Շոն Քարթերը: Նա եւ նրա գործընկերները համոզված են, որ ահաբեկչությունների փորձը ֆինանսավորել են Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դիվանագետները: