24.11.2024
Ահազանգ է ստացվել, թե Տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ կա
prev Նախորդ նորություն

Նախարարության շենքում ռումբ չհայտնաբերվեց. ահազանգը կեղծ է եղել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւ սակրավորներն այս պահի դրությամբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում որեւէ բան չեն հայտնաբերել:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի փրկարար ծառայության պետի տեղակալ Առլեն Բադալյանը: «Աշխատանքները նախարարության շենքում շարունակվում են: Այս պահի դրությամբ ոչինչ չենք հայտնաբերել: Երբ կվերջացնենք բոլոր սենյակների ստուգման աշխատանքները, այդ ժամանակ պարզ կդառնա՝ ահազանգը կեղծ էր, թե ոչ»,-ասաց նա:


Բադալյանը չբացառեց, որ ահազանգը կեղծ է եղել եւ միտված է եղել նախարարության աշխատանքը խաթարելուն:


Armtimes.com-ի թղթակիցը նախարարության շենքի մոտից հաղորդեց, որ որոնողական աշխատանքները ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել: Այժմ նախարարության աշխատակիցները վերադառնում են շենք:


Ավելի վաղ ռումբի ահազանգի հետ կապված տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանի խոսքով՝ ռումբի մասին ահազանգը ստանալու պահին նախարարը եւս շենքում չէր: «Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում: Այս պահին ոստիկանները շարունակում են աշխատել շինության ներսում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:


Նշենք, որ մեր տեղեկություններով արդեն կասկածյալ կա: Ոստիկանությունից սակայն հայտնեցին, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն այդ մասին: