23.11.2024
Իսրայելը թույլ չի տա Իրանին Սիրիայում ստեղծել ռազմաբազաներ
prev Նախորդ նորություն

Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն չի կարող պատերազմի պատճառ լինել. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հետ կանգնել անկախության վերաբերյալ հանրաքվեից: Յըլդըրըմն այդ քայլը «սխալ» է անվանել և «լի հետագա վտանգներով»:


Կրկնելով ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Բաղդադում արած հայտարարությունը, վարչապետը շեշտել է, որ Թուրքիան կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:


Նա նաև հավելել է, որ Իրաքյան Քուրդիստանի ու Թուրքիայի միջև պատերազմ լինել չի կարող այն պարզ պատճառով, որ Թուրքիան չի ընկալում Իրաքյան Քուրդիստանը որպես պետություն:


«Պատերազմ կարող է լինել երկու պետությունների միջև, սակայն Թուրքիան այդպիսին չի ընկալում Իրաքյան Քուրդիստանը», - ասել է վարչապետը:


Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան կարող է ընկալել Իրաքյան Քուրդիստանի անկախությունը որպես նոր պատերազմի առիթ:


Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:


Հանրաքվեի առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանն ու պաշտոնական Բաղդադը:


Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ: