Եվրամիությունը մտադիր է ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում. Սվիտալսկի
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը՝ հատկապես էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով: Իր հերթին Սվիտալսկին գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:
«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։
Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը, որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։ Մասնավորապես ներկայացված են «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը:
Աշոտ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և վստահեցրել, որ հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Զրուցակցները մտքեր են փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը: