Չավուշօղլու. Թուրքիան դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան այսուհետ ևս հանդես կգա Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանի դերում և կշարունակի պայքարել այդ երկրի տարածքում «Իսլամական պետություն» և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումների զինյալների դեմ:
«ՔԱԿ-ն էլ ԻՊ-ի պես ահաբեկչական կառույց է: Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել Իրաքի հետ մեր համագործակցությունը հակաահաբեկչական պայքարի շրջանակում», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ իրաքցի իր գործընկեր Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ հանդիպման ընթացքում շեշտելով, որ Թուրքիան Իրաքի կողքին է տարածքային ամբողջականության պահպանման հարցում:
Չավուշօղլուն նաև քննադատել է Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ անկախության հանրաքվե նախաձեռնելու համար:
«Բազմիցս կրկնել ենք՝ դա մեծ սխալ է: Մենք կողմ ենք, որ Էրբիլի (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը) և Բաղդադի միջև բոլոր խնդիրները լուծվեն առանց երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու», - ասել է Չավուշօղլուն՝ պահանջելով Իրաքյան Քուրդիստանից չեղարկել սեպտեմբերին սպասվող հանրաքվեն: