Բնապահպաններն ահազանգում են. 35 հազար հա պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ
Վայրի Բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ահազանգում ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այրվում են, ինչի հետևանքով շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը։
Նշվում է, որ հիմնադրամի ներկայացուցիչները եղել են այրվող անտառում և տեսանկարահանել հրդեհը:«Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ և հանդերձանք։ Կարող եք օգնել նաև ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը», - կոչ է անում FPWC-ն բնապահպանական հանրությանը:
Հիշեցնենք, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին:, սակայն հրդեհը մարել մի քանի օր անց չի հաջողվում: Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են, դրանց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ: