Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԻՆ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
ԱԻՆ-ից տեղեկանում են, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, սակայն հրդեհը մարել մի քանի օր անց չի հաջողվում: Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են, դրանց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:
Բնապահպաններն ահազանգում են, որ եթե հրդեհը չհաջողվի մարել, ապա ոչնչացման վտանգի առաջ է 35 հազար հեկտար տարածք, իսկ էկոհամակարգը վերականգնելու համար մի քանի տասնամյակ կպահանջվի: