Մինսկի խմբի համանախագահող երկրների առաքելություններից առաջնայինն այն էր, որ նպաստեին կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, որպեսզի լինի համապարփակ կարգավորում: Սակայն այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա և չի էլ ակնկալվել ադրբեջանական քաղաքականության պատճառով, հետևաբար, արդեն առաջին պլան է մղվել եռանախագահության երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ, որ իրավիճակն ապակայունանա և թույլ չտալ, վերսկսվեն ռազմական գործողությունները: Այս մասին «Ազատություն» եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Պաշտոնյան հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս արված հայտարարությունն այն մասին, որ այսօր առաջնայինը հենց դա է՝ ընդհուպ թվարկելով, որ պետք է հետ քաշել դիպուկահարներին, պետք է այդ մոնիթորինգի մեխանիզմներն ուժեղացնել, տեղադրել սարքավորումներԼ
«Սա է իրականում մոտեցումը և այստեղ շատ կարևոր է, որը հատուկ շեշտում է Հոգլանդը, որ չնայած կան խորը հակասություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, բայց Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք միասնական են»,-ասել է Քոչարյանը:
Փոխարտգործնախարարի խոսքով, ցանկացած պետություն, ցանկացած հարցում առաջնորդվում է սեփական շահերով: Այլ բան է, որ պետությունները ձգտում են տեղավորվել միջազգային խաղի կանոնների մեջ: Ընդգծելով, որ ինքը Ռուսաստանի, այսպես ասած, «փաստաբանը» չէ և ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին, այլ արձանագրում, որ բոլոր պետություններն ունեն իրենց շահերը, Շավարշ Քոչարյանն ասել է.
«Ռուսաստանն անմիջական հարևանության մեջ է մեր տարածաշրջանի հետ, ակնհայտ է, որ ինքն իր շահերն ավելի խորն է գիտակցում, քանի որ նաև ունի իր պատկերացումներ ԽՍՀՄ փլուզումից հետո հարևան տարածաշրջանների վրա իր ազդեցության վերաբերյալ: Բայց ես որևէ ձևով եմ գնահատում, թե ով, ինչքանով է անշահախնդիր կամ շահախնդիր: Այստեղ կա համաձայնեցված գործողություն անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների կողմից՝ այն էլ այս պարագայում, երբ երկուսի միջև հարաբերությունները խիստ սրված են: Մեզ համար արժեք է, որ համանախագահները հենց այս հարցում չունեն առնվազն արտահայտված հակասություններ»,- հավելել է նա: