Անկախության առաջին տարիների համեմատ Հայաստանում թրաֆիքինգի զոհերի քանակը անհամեմատ կրճատվել է: Եթե 1992-1993 թթ. մեկ քրեական գործով անցնում էր թրաֆիքինգի 200 զոհ, ապա վերջին տարիներին քրեական գործերում ընդգրկված է լինում մեկ կամ երկու անձ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի դեմ հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
Նա մեջբերեց ԱՄՆ պետքարտուղարության 2017 թ. հրապարակված մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի տվյալները, համաձայն որի՝ Հայաստանը արդեն 5-րդ տարին անընդմեջ լինում է առաջին երկրների խմբում: 187 երկրներից առաջին խմբում դասակարգվում են միայն 36-ը: Ընդ որում, Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն, որ այս խմբում է գտնվում:
«Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի համար սկզբնաղբյուր երկիր, իսկ Հայաստանից թրաֆիքինգային հոսքերը հիմնականում երեք ուղղություն ունի՝ սեռական շահագործում դեպի Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և աշխատանքային շահագործում դեպի Ռուսաստան: Մեծ աշխատանքներ պետք է տարվեն այս երկրների հետ. ՌԴ և ԱՄԷ-ի հետ մենք բավականին հաջող աշխատում ենք, բայց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է լիարժեք աշխատանք տանելուն»,- նշեց պաշտոնյան:
Ներկայացվեց նաև վիճակագրություն: Այդպես, 2017 թվականին Հայաստանում արձանագրվել թրաֆիքինգի 7 դեպք, որից 4 աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային թրաֆիքինգի բոլոր դեպքերը ներքին են՝ ՀՀ քաղաքացիները շահագործման են ենթարկվել հենց ՀՀ սահմաններում, նրանցից մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով: Անգամ սեռական շահագործման դեպքերից մեկն է ներքին, իսկ երկուսը արտաքին՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում:
«Նշված դեպքերով ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 անձ, որոնցից 6 անչափահաս է եղել»,- ասաց բանախոսը:
2016 թվականին Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որին զոհ է դարձել 24 մարդ, որից 5-ը եղել են կանայք:
Նշենք, որ թրաֆիքինգի ենթարկելու համար Հայաստանում շատ խիստ պատիժ է նախատեսված՝ 5 տարուց մինչև 8 տարի ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասների դեպքում՝ 15 տարի: