24.11.2024
Հրապարակվել են Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության սահմռկեցուցիչ մանրամասները
prev Նախորդ նորություն

«Շրջան հանձնենք` կարգավիճակի դիմաց» թեմայով որեւէ քննարկում չի եղել. Վիտալի Բալասանյան

2016թ. ապրիլի 18-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն էր անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ, ինչպես նաեւ ԼՂ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Այս փուլում սկսեցին ինտենսիվ խոսակցություններ շրջանառվել տարածքային զիջումների մասին։


2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» անվանումով խմբավորման անդամների կողմից Էրեբունու Պարեկապահակային ծառայության գնդի գրավումից մեկ տարի անց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 16-ից սկսած իրադարձություններին:


ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ՝ հուլիսի 16-ին, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կրկին աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ մի շարք հանդիպումներ էր անցկացրել: «Հուլիսի 16-ի երեկոյան ՀՀ նախագահը Արցախում էր, հանդիպել ենք, տարբեր հարցեր ենք քննարկել, ՀՀ նախագահը մի կարեւոր հարցադրում է արել` ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան խնդրի լուծումը: Այդ օրը չորս տարբեր խմբերի հետ է հանդիպել, վերջին խումբը եղել ենք մենք՝ Շարժման ակունքի մարդիկ, ես հրավիրված եմ եղել որպես պատգամավոր, որպես նախկին հրամանատար:


Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էին Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Պարգեւ Սրբազանը, Օլեգ Եսայանը, Արմո Ծատրյանը, Էդվարդ Իշխանյանը, Ժաննա Գալստյանը, Արկադի Կարապետյանը, Համլետ Գրիգորյանը, Ռազմիկ Պետրոսյանը: Այս հանդիպմանն ընդհանրապես որեւէ խոսակցություն չի եղել շրջաններ հանձնելու մասին, կամ շրջանների դիմաց` կարգավիճակի հարցի քննարկում եւ այլն… Տարբեր հարցերի շուրջ ենք զրուցել, մաքուր, պարզ, ոչ պաշտոնական զրույց է եղել, Հայաստանի նախագահը բոլորին է այդ հարցը տվել` ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը, տարբեր մարդիկ տարբեր առաջարկություններով են հանդես եկել, իրենց տեսակետն են ներկայացրել: Բայց «շրջան հանձնենք` կարգավիճակի դիմաց» թեմայով որեւէ քննարկում չի եղել:

Եզրակացությունը հետեւյալն է եղել` պետք է պատրաստ լինենք պատերազմի»: Դուք մասնավորապես ի՞նչ դիրքորոշում արտահայտեցիք այդ օրը՝ հարցրինք պարոն Բալասանյանին: «Ես ասացի, որ աշխարհն արագընթաց, սրընթաց փոխվում է: Որեւէ մեկը, ընդհուպ գերտերություններն այսօր չեն կարող ասել, թե որն է իրենց ծրագիրը: Ուրիշ խոսակցություն այդ հանդիպմանը չի եղել: Հետո նստել ենք, ընթրել ենք մինչեւ ժամը 3:00-ը, որովհետեւ վերջին խումբն էինք, տուն եմ հասել ժամը 5:00-ին: Առավոտյան քնից արթնացել եմ, տեսել եմ մի տասը զանգ եմ ստացել, հետ եմ զանգել, թե` էս ի՞նչ է պատահել, ասել են` Երեւանում այդ դեպքն է եղել: Զանգել եմ մեր նախագահին, ճշտել եմ, ասել է` այո, ճիշտ է, նման դեպք է եղել Երեւանում, հարցրել եմ` Հայաստանի նախագահն ի՞նչ է ասում, ասել են` ուզում է վերադառնա: Ասեցի` ասեք, որ ես էլ եմ ուզում իր հետ գնալ: Մի քանի րոպեից զանգել են, ասել են՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի` տեղյակ կպահենք»,- վերհիշեց պարոն Բալասանյանը:


Չի եղել որեւէ առաջարկ, որը իշխանությունն ընդունել է, ապա հրաժարվել ՊՊԾ գնդի գրավումից հետո իշխանության եւ զինված խմբի անդամների միջեւ միջնորդական դերակատարում ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այսօր վստահեցնում է՝ երբ առաջին անգամ հայտնվել է Հայաստանում, առաջին հանդիպումը եղել է հանրապետության նախագահի հետ, եւ որ որեւէ մեկի հրավերով չի հայտնվել Հայաստանում, «դա իմ պարտքն է եղել` որպես քաղաքացի»՝ ասում է նա: Վիտալի Բալասանյանը պատմում է, որ նախեւառաջ կապ է հաստատել խմբի անդամների հետ. «Իմ հորդորներն եմ արել, ասել եմ, որ հիմարություն եք արել, որեւէ ոտնձգություն չանեք, ամեն ինչ խաղաղ պետք է լինի, մինչեւ իշխանությունները որոշում կայացնեն»: Այնուհետեւ հուլիսի 19-ի երեկոյան պարոն Բալասանյանը զանգել է ՀՀ նախագահին:


«Ասել եմ, որ մի քանի ժամից լինելու եմ Երեւանում, ո՞ր ժամին է հարմար հանդիպել, ասել են, երբ հասնես` զանգի: Առավոտյան շուտ զանգել եմ, մենք հանդիպել ենք: Ասել եմ՝ պարոն նախագահ, ես պատրաստ եմ որպես քաղաքացի, որպես հրամանատար, որպես գեներալ, դուք ինձ ցույց տվեք իմ լիազորությունների շրջանակը: Ես կապ էի պահում ՊՊԾ-ն գրաված խմբի անդամների հետ, հիմա էլ եմ պահում, կարող եմ հիմա զանգել` դուք խոսեք, լսեք, որ ես այդ մարդկանց հետ խոսում եմ»,- ասաց պարոն Բալասանյանը: Այնուհետեւ պարոն Բալասանյանն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը:


«Հանդիպել ենք Ժիրայրի հետ, նա սկսել է խոսել տարբեր թեմաներից: Ասում էին` Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Այո, այդպես է եղել, կա ձայնագրություն, եթե անհրաժեշտությունը լինի, կարելի է հրապարակել, բայց կարծում եմ` չկա անհրաժեշտություն: Մենք ավելի շատ ձայնագրություններ ունենք: Հիմա կարող եմ անկեղծ ասել, որ բոլորը լսեն` իմ ամբողջ շարժերը ձայնագրել եմ: Բոլորին խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ այդպիսի հայտարարություններից: Կարող ենք հրապարակել մի օր այդ ձայնագրությունները, ու իրենք էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու: Իմ հորդորն է` այդ մարդիկ զուսպ մնան, պետք չի ասել` Բալասանյանը սուտ է ասել, նախագահը սուտ է ասել եւ այլն… Չկա նման բան: Ինչ եղել է` պարզ ներկայացրել եմ հանրությանը լրատվամիջոցների օգնությամբ: Հետո հանդիպել ենք Ժիրայրին, հետո ՊՊԾ գնդում` տղաներին: Այնտեղ, ճիշտն ասած, սկզբնական ժամանակներում իրենց շատ վատ են պահել: Ժամանակը կգա, եթե պետք լինի` դա էլ ժողովրդին կներկայացնենք, թե ինչ էր կատարվում: Իրենց պահանջը հետեւյալն է եղել` «Ժիրայրն ասում է` ինձ բաց թողեք, գնամ տղաների մոտ, հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք ուզում»: Ժիրայրն ինչ ասել է` ես ներկայացրել եմ հանրապետության նախագահին:

Հանրապետության նախագահն ասել է՝ եթե Ժիրայրն այս պահին խնդրի, հորդորի զենքերը վայր դնել, հանձնվել, ես պատրաստ եմ Ժիրայրին ընդունել, լսել, որը որ չի կատարվել: Ես նորից եմ հանդիպել Ժիրայրին, երկրորդ հանդիպումն էր, ինձ հետ եղել է Ալեք Ենիգոմշյանը: Ժիրայրը հրաժարվել է, ասել է` «ոչ, ինձ պետք է բաց թողնեն, ես գնամ տղաների մոտ, հետո այնտեղից կորոշենք՝ ինչ պետք է անենք»:Այսինքն՝ չի եղել որեւէ առաջարկ, որը իշխանությունն ընդունել է, ապա հրաժարվել է դրանից: Այդպիսի բան չի եղել»,- ընդգծեց պարոն Բալասանյանը:


Նկատեցինք, որ հնչում են մեղադրանքներ, թե «Սասնա ծռեր» խմբի անդամները զենքերը վայր են դրել, հետեւաբար` ինչո՞ւ նրանց ձերբակալեցին: Այս առիթով Վիտալի Բալասանյանն ասում է.


«Նրանք զենքերը կամավոր վայր չեն դրել: Չկա նման բան: Զենքերն իրենք պարտադրված են վայր դրել: Երբ նրանք սկսել են ճնշումներ գործադրել, զենք կիրառել` մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, եւ իրենք ստիպված են եղել զենքերը վայր դնել: Այդ խոսակցությունները հեքիաթներ են… Տեսեք, պատանդ ոստիկաններ կային, հետո ոստիկաններին ազատ են արձակել, գիտենք, թե ինչի համար են ազատ արձակել: Մեկ է՝ ոստիկաններին մենք հանելու էինք»:


Ինչ վերաբերում է բժիշկներին, պարոն Բալասանյանը նշեց. «Ինչ ստոր արարք է, երբ նրանց կանչում են, խնդրում են… Բոլոր բժիշկներին անձամբ հրահանգել եմ, որ առանց իմ իմացության որեւէ մեկն առաջ չգնա: Առավոտյան մեկ ժամ բացակայել եմ, վերադարձել եմ, ասեցին` բժիշկները պատանդ են, գոռում էին, թե` «վիրավոր ունեն…»: Ասեցի` սուտ են ասում, մենք գիտենք, չէ՞, ով է վիրավոր, բոլորին տեսնում էինք, բոլորին լսել ենք, մենք ՊՊԾ գնդում ամբողջ անցուդարձը ամեն մետրի վրա տեսնում էինք: Դա ի լուր աշխարհի չե՞նք պատմելու… Բոլոր խոսակցությունները մենք լսում էինք, թող բոլորն իմանան` նրանք, ովքեր այսօր «Սասնա ծռերին» հերոսացնում են: Մենք ամեն ինչ տեսնում էինք եւ լսում էինք: Իրենք տեղյակ էլ չեն, թե մենք ոնց ենք մտել բժիշկներին հանել: Երբ ցուցակ էին կարդում, ասում էին` ո՞ւր են այն երեք հոգին, տեղյակ էլ չէին, որ մեզ մոտ են այդ երեք հոգին»:


Մեր զրուցակիցը վերհիշեց եւս մեկ դրվագ. «Ասել եմ՝ լավ, դուք քանի՞ հոգի եք: Ասել են, թե «60 հոգի ենք»: Ասել եմ՝ ցույց տվեք, որ 60 հոգի եք, հիմա դուք 60 հոգու սնունդ եք ուզում, ցույց տվեք այդ 60 հոգուն, ես 70 հոգու սնունդ բերեմ: Ինչո՞ւ էին 60 հոգի ասում. մտածում էին, որ կարող է մի օր էդ սնունդն էլ չլինի, ուզում էին պահեստավորել: Ես գիտեի, որ 32 հոգի է այնտեղ, մեկը վիրավորվել է, մենք լսում էինք բոլորին, կանչում էին անուններով: Ասեցի՝ դուք այդտեղ 31 հոգի եք, ինձ մի խաբեք»:


«Սասնա ծռեր» խմբի անդամների կատարածը շատ վտանգավոր արարք էր»


Վիտալի Բալասանյանը համարում է, որ ՊՊԾ գնդի գրավումը վտանգավոր արարք էր: «Առաջին օրը տղաներին ասել եմ` էս ի՞նչ եք արել… Ասել են` մենք պետք է վստահության կառավարություն ստեղծենք, միջանկյալ, ժամանակավոր կառավարություն եւ այլն… Ասել եմ՝ լավ, եթե վաղը Գյումրիում 60 հոգի զինվեն, ձեր իշխանությանն անվստահություն հայտնեն, զինված ապստամբություն անեն, ինչը դուք եք ասում, պիտի հրաժարական տա՞ք… Հետո 124, հետո 248 հոգի զինվեն, գան… Էս մարդիկ չեն հասկացել` ուր են գնում, ինչի են գնում: Հասարակությունը պետք է իմանա, որպեսզի բոյկոտի նմանատիպ բաները: Չի կարելի հերոսացնել նրանց, ամոթ է: «Սասնա ծռեր» խմբի անդամների կատարածը շատ վտանգավոր արարք էր»,- ասաց պարոն Բալասանյանը: Եթե բնութագրենք «Սասնա ծռերի» արարքը՝ ի՞նչ էր` զինված ապստամբությո՞ւն, ընդվզո՞ւմ, ահաբեկչությո՞ւն, հարցրինք պարոն Բալասանյանին:


«Ըստ իս՝ ահաբեկչություն է: Միջազգային իրավունքի տեսակետից տարբեր որակումներ կարելի է տալ, միջազգային տերմիններում էլ լյուֆտեր կան: Համոզված եմ, որ երկրներին պետք են, որ այդ լյուֆտերը լինեն: Կարող ես անվանել` ընդվզում, զինված ապստամբություն, ահաբեկչություն… Մեր պարագայում կարող եմ միանշանակ ասել` ահաբեկչություն է տեղի ունեցել: Ինչո՞ւ: Ծառայողների, քաղաքացիական անձանց կյանքին վտանգ է սպառնացել, պետական գույքի հափշտակում եւ ոչնչացում է տեղի ունեցել, պետության դեմ ոտնձգություն, այսինքն՝ բոլոր առումներով ահաբեկչություն է: Սա իմ անձնական կարծիքն է: Չգիտեմ, իրավապահները գուցե այլ որակումներ են տալիս»,- ասաց Վիտալի Բալասանյանը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: