Մոսկվան ԱՄՆ-ից վերցնում է ամառանոց, պահեստներ ու կրճատում ԱՄՆ դիվանագետների թիվը ՌԴ-ում
Մոսկվան առաջարկել է մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում:
Հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:
«ԱՄՆ-ում մեր դիվանագետների թվաքանակի կրճատման հետ կապված ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողությունների դեպքում դրան կհետևի հայելային պատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ամերիկյան դեսպանատունն օգոստոսից նաև չի կարողանա օգտագործել Սերեբրյանի բորում գտնվող ամառանոցը և Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստները: ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք կարող են անդրադառնալ ԱՄՆ-ի շահերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք է ընդունել:
ԱՄՆ Սենատը հինգշաբթի ընդունել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Ավելի վաղ այն հավանության էր արժանացրել Ներկայացուցիչների պալատը: Այժմ օրենքն ուղարկվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել է, որ դա լկտիություն է, որը ՌԴ-ն չի պատրաստվում հանդուրժել: