ԱՄՆ պաշտոնյաները բաց են ՀՀ հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցություններին
ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնի թեկնածուն պարտավորվել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտներին:
Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Դևիդ Կոտերն իր պատրաստակամությունն է հայտնել Սենատում թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ, Կոնգրեսի շահագրգիռ կողմերի և Ֆինանսների նախարարության անձնակազմի հետ անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին: Խոսքը տնտեսական պայմանագրի մասին է, որը պաշտպանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և որը կոչված է երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտները վերացնելուն:
Ավելի վաղ նախարարի գործող օգնական Ջոն Հեֆերնը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն «ակտիվ քննարկվում է» Պետքարտուղարության կողմից:
Կոտերի թեկնածությունը, որը միաձայն ընդունել է Սենատի ֆինանսական հանձնաժողովը՝ հուլիսի 18-ին, ուղարկվել է Սենատ:
Պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ Կոտերը պարտավորվել է առկայության դեպքում պատշաճ կերպով զբաղվել ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտների վերացմամբ: Նա իր պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել Հայաստանի հետ հարկային պայմանագրի դրական և բացասական կողմերը և տեղեկանալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խոչընդոտների մասին:
«Մենք ուրախ ենք տեսնել, որ մեր Ֆինանսների նախարարությունը և Պետքարտուղարությունն ավելի բաց են դառնում ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցությունների համար՝ երկար սպասված երկկողմ համաձայնագիր, որը, հաստատվելու դեպքում, կվերացնի ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման խոշոր խոչընդոտը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, գրում է tert.am-ը: